16.11.2019 12:27

Արսեն Գրիգորյան. Նրանք ատում են նոր Հայաստանը

Արսեն Գրիգորյան. Նրանք ատում են նոր Հայաստանը

Գիտե՞ք ինչով է ողբերգական (այո, ողբերգական) Վազգեն Մանուկյանի նախաձեռնած հավաքը Մարզահամերգային համալիրում։ Այնտեղ մարդիկ են, որոնք չեն հաշտվում ծերանալու հետ, նույնիսկ եթե երիտասարդ են։ Ծերությունը քննություն բռնած կամ չբռնած երիտասարդությունն է. Վազգեն Մանուկյանի, այսինքն` Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները ուղղակի չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրենց գնացքը գնացել է։

Այս մարդիկ հավատում են ռեինկարնացիային, վերամարմնավորմանը։ Նրանց հավատացնել պետք չէ, որ ոչնչով այլեւս չեն կարող օգտակար լինել այս երկրին, որովհետեւ նրանք նույնիսկ տեղյակ չեն, որ ոչնչով օգտակար չեն էլ եղել։ Ահա թե ինչու է «Վերնատան» հավաքը ողբերգական։ Մարզահամերգային համալիրում հավաքված են մարդիկ, որոնց անցյալը ներկայից չի տարբերվում, նրանք երբեք ոչինչ չեն արել գոյության արդարացման ուղղությամբ, նրանք նույնիսկ ընդդիմություն լինելն են ընկալել իշխանության հետ «փայ» մտնելու կոնտեքստում։ Արդյո՞ք ողբերգական չէ, որ այս մարդկանց ոչ մի ցավակցություն չի փրկի, չկա մեկը, որը նրանց կզգոնացնի, կհասկացնի, որ՝ տղերք, մոռացեք իշխանության մասին, իշխանություն ունենալու ձեր ձեռագրով աշխարհի ոչ մի ժողովրդավարական երկրում նույնիսկ մահախոսականներ չեն գրում։

Դուք ամեն ինչ փորձել եք Հայաստանի Հանրապետությունից ձեր բարեկեցությունը քամելու համար, ձեզանից ոմանք հաջողել են, ոմանք վատ են հաջողել, ոմանք ընդհանրապես չեն հաջողել, բայց այս ընթացքում հասցրել են ծերանալ։

Իսկ գիտե՞ք ինչով է զվարճալի Վազգեն Մանուկյանի նախաձեռնած հավաքը Մարզահամերգային համալիրում։ Նույն պատճառով։ Գումարած ասելիքը։ Ողբերգական է այդ հավաքը, երբ նրանք մտքերի կամ դրանց բացակայության մեջ են, բայց զվարճալի է դառնում, երբ խոսում են։ Որովհետեւ այն, ինչ ասում են, նույնիսկ եթե ի սրտե չէր ասված, իմաստ ուներ նույն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք։ Հիմա, եթե նույնիսկ ճիշտ է (մեղա, մեղա), իմաստ չունի։ Ուրիշ հարց, որ նրանք ազնիվ չեն որպես ընդդիմադիր գործիչներ։ Դա նկատելն իմաստ կունենար, եթե նրանք լինեին ջրի երեսին, եթե լինեին բեմի առաջամասում։

Զվարճալի է հենց որպես ընդդիմադիր գործչի անվան տակ հանդես գալը։ Որովհետեւ քաղաքական խոսքից բոբիկ եւ պարզ ատելության շուրջ համախմբված մարդիկ են վերնատնեցիները։ Նրանք ատում են Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ատում են նոր Հայաստանը։ Հետեւաբար` նրանց հասկանալ է պետք։ Իրականում այս ամենն իսկապես ողբերգական է։ Նրանք իշխանություն չեն կորցրել, որովհետեւ չեն ունեցել այդ իշխանությունը, նրանք կորցրել են իրենց տեսակին, որի հետ հնարավոր էր բազար անել։ Նրանք կարեւոր հենակետեր են կորցրել։ Նրանք, ըստ էության, մատնվել են անդեմության վերջին պարունակին, որից հետո արդեն բոլոր ախտանշաններն անդառնալի են, նրանք միայն ընդգծելու են անհուսությունը ինչ-որ բան փոխելու։

Առաջին հայացքից՝ կարող էր թվալ, թե «Վերնատունը» ուզում է արդարացնել ստացած փողերի դիմաց աշխատանքը։ Բայց դա անհույս գործ է՝ «80-ականների» զենքերով հիմա ոչ ոք չի կռվում քաղաքական նոր պայմաններում։ Հետեւաբար` «Վերնատունը» ողբերգական կերպարների մի հարթակ է, որտեղ ոչ մեկը մյուսին չի կարող ասել, որ իր գնացքը գնացել է։