18.11.2019 13:47

Դասական քաղաքական լյուստրացիա

Դասական քաղաքական լյուստրացիա

Վազգեն Մանուկյանի «Վերնատան»՝ նախօրեին կայացած համաժողովը, ինչ խոսք, բավականին ուշագրավ էր:

Համացանցում այն նույնիսկ բազմաթիվ գրեթե նույնաբովանդակ հումորների թեմա դարձավ ` «Այս համաժողովով Մանուկյանը մեծ ծառայություն  մատուցեց հանրությանն ու երկրին` լյուստրացիայի տեսքով, եւ իրական ժողովրդավարության հաստատման դեմ պայքարողներին ու նախկին բարքերի ու իշխանությունների վերադարձի մասին երազողներին մեկ տեղում հավաքելով»:

Այսինքն, եթե նախկիում այդ մարդկանց դիրքորոշումներին ծանոթանալու համար պետք էր լինում հետեւել նախկինների քարոզչությամբ զբաղվող ԶԼՄ-ներին, տեսնել, թե ով ինչ հայտարարություններ է անում, ապա հիմա Վագզեն Մանուկյանը հեշտացրել է մարդկանց կյանքը՝ քաղաքական գործընթացների եւ դիրքավորումների «դայջեսթ» անելով:

Այնպես որ, մի համաժողովով Մանուկյանն ավելի շատ օգուտ տվեց հանրությանը, քան երկար տարիներ իր համար ստեղծված Հանրային խորհուրդը գլխավորելով: Ճիշտ է, ինքը Մանուկյանն այս ամենի անունն այլ բան է դրել՝ հայտարարելով, թե գարնանը մտնելու է քաղաքականություն, եւ մի քանի տասնյակ անձանց այս տեսակ հավաքով փորձ է արվում, այսպես ասած՝ «ընդդիմադիր» դաշտի կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծել` ապագա քաղաքական զարգացումների ծիրին մեջ, բայց բոլորին էլ հասկանալի է, որ հնարավոր չէ լուրջ քաղաքական գործընթացներ սկսել մերժված եւ կամ, որ առավել շատ էին այս դեպքում` հանրության կողմից վաղուց մոռացված, որեւէ քաղաքական կշիռ չունեցող գործիչներով, որոնք ասպարեզում երեւում են միայն այն ժամանակ, երբ քաղաքական դաշտում կշիռ ունեցող մեկին այս կամ այն ծրագիրը կյանքի կոչելու ժամանակ քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի տպավորություն է պետք լինում ստեղծել. այսինքն՝ քաղաքական դաշտի «մասսովկան»: Դրան էլ եթե գումարում ենք այդ գործիչների քաղաքական վարքի անհարատեւությունն ու փոփոխականությունը, պարզ է դառնում, որ սա էլ ընդամենը տպավորություն ստեղծելու համար է՝ ավելի խորքային ու ոչ քաղաքական գործընթացներին քաղաքական դիմագիծ հաղորդելու համար:

Դուք ուղղակի նայեք, թե ովքեր են այդ համաժողովին մասնակցում, եւ ամեն ինչ ինքնին հասկանալի կդառնա:

Թեկուզ հենց ինքը` Վազգեն Մանուկյանը: Մարդ, որի ամբողջ քաղաքական պայքարը հիմնված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարելու հենքի վրա: Հետո կարծես ընդդիմադիր էր Ռոբերտ Քոչարյանին, քննադատում էր նրան: Հետո կարծես էլ չէր քննադատում: Հետո խիստ քննադատում էր Սերժ Սարգսյանին, հայտարարում էր, թե համեմատելու չեն կիրթ Իլհամ Ալիեւն ու երեկոյանն ավարտած Սերժ Սարգսյանը, հրապարակային միմյանց «իդիոտ» էին կոչում: Բայց 2008 թվականից հետո ընդունեց նույն Սարգսյանի կողմից ստեղծված Հանրային խորհրդի նախագահ դառնալու առաջարկն ու այլևս չքննադատեց Սարգսյանին;

Կամ՝ Ռուբիկ Հակոբյանը: Ամենասկզբում կոմունիստ էր, հետո դաշնակցական պատգամավոր էր, միչեւ 2008 թվականը եղել է ՀՅԴ անդամ եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսը, հետո ազատվել է ծառայությունից եւ դուրս եկել նաեւ ՀՅԴ-ից: Երբ Դաշնակցությունը կոալիցիա էր կազմել, դարձել էր ընդդիմադիր, քննադատում էր Սերժ Սարգսյանին, անդամագրվել էր «Ժառանգությանը» եւ այդ կուսակցության ցուցակով պատգամավոր դարձել, հասցրել էր անգամ դեմ քվեարկել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամությանը, հետո դուրս էր եկել «Ժառանգությունից», հետո կարծես այդքան էլ չէր քննադատում Սերժ Սարգսյանին, իսկ հեղափոխությունից հետո, նախկինների հետ ուս ուսի տված, դարձավ ընդդիմադիր, հիմա էլ՝ այս իշխանություններին: Այսինքն, փաստորեն՝ հիմա իր ծառայություններն է մատուցում նրանց, ում դեմ պայքարել է տարիներ շարունակ:

Կամ՝ Դավիթ Շահնազարյանը. Ռոբերտ Քոչարյանի ամենամոլի քննադատներից էր, նախաձեռնել էր Քոչարյանին Հաագայի դատարանում դատելու գործընթացը, անգամ հայտարարում էր, թե դուրս է գալիս Կոնգրեսից` ԲՀԿ-ի հետ համագործակցության պատճառով, որովհետեւ դրա հետեւում տեսնում էր իր չսիրած ռուսների եւ Քոչարյանի ականջները, հետո ոչ մի էական գործունեություն չէր ծավալում, իսկ հեղափոխությունից հետո ընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում եւ դարձավ Քոչարյանի ամենամոլի պաշտպանը:

Կամ՝ Խոսրով Հարությունյանը. մարդը պաշտոնից զրկվելուց հետո մեկ-մեկ  ընդդիմադիր էր ներկայանում, մինչեւ որ Սերժ Սարգսյանը նրան դարձրեց պատգամավոր` ՀՀԿ ցուցակով: Հեղափոխությունից հետո շատ էր ցանկանում, որ նորերը հաջողեն, բայց մեկ էլ ու համալրեց նորերի դեմ պայքարողների շարքերը: Հուսանք` պատճառն այն չէր, որ հեղափոխությունից ամիսներ անց նրա փոխարտգործնախարար որդին ազատվեց պաշտոնից:

Կամ՝ Արամ Հարությունյանը; Կա այդպիսի քաղաքական գործիչ: Հայտարարում է, որ անգամ կուսակցություն ունի: Բայց քաղաքական կյանքում երեւում է միայն նախագահական ընտրություններում, առաջադրվում է որպես նախագահի թեկնածու, ստանում իր մշտական մի քանի ձայնը եւ անհետանում՝ մինչեւ մյուս նախագահական ընտրություններ, եւ կամ հայտնվում է այն ժամանակ, երբ որեւէ մեծ ռեսուրս ունեցող կուսակցությանը կամ գործչին պետք է լինում կոնսոլիդացիայի իմիտացիա ստեղծելու համար քաղաքական «մասսովկա» հավաքել: ԱԺ ընտրություններում իր կուսակցության ցուցակով չի մասնակցում, հուսանք՝ ոչ այն պատճառով, որ կուսակցությունում իրենից բացի այդքան մարդ չկա, որ կարողանա ցուցակ լրացնել:

Կամ, օրինակ, Լարիսա Ալավերդյանը: 2008 թվականին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ հայ իրավական մտքի գերխնդիրը պիտի լինի Մարտի 1-ի համար Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության կանչելը, իսկ 10 տարի անց, երբ իր կոչն իրականություն դարձրին, կարծում է, թե չէր կարելի Քոչարյանին պատասխանատվության կանչել;

Կամ՝ Զարուհի Փոստանջյանը. մարդ, որն ուզում էր ապացուցել, թե քաղաքական դաշտի ամենաընդդիմադիր գործիչն ինքն է, որ իրենից ծայրահեղ ընդդիմադիր մարդ հնարավոր չէ գտնել, վառում էր Սերժ Սարգսյանի պատկերով խրտվիլակ, մեղադրում էր ներկա իշխանություններին, որ Ռոբերտ Քոչարյանին ընդամենը մեկ գործով են մեղադրանք առաջադրել, այնինչ մեղադրանքի ծավալը պետք էր ավելացնել այլ գործերով եւս, դատարանի բակում բարձրանում էր աստիճանների վրա եւ բղավում` «պրիվե՜տ, Ռոո՜բ», մի կարճ ժամանակ անց հայտարարում է, թե Քոչարյանը քաղբանտարկյալ է:

Կամ, օրինակ, հավաքին ներկա դաշնակցականները, որոնք որոշակի պարբերականությամբ ընդդիմությունից դառնում են իշխանական կոալիցիայի անդամ եւ հակառակը:

Նախկին իշխանությունների ժամանակ հայտնի դարձածների մասին չենք խոսում, այդպես էլ ինքնուրույն ֆիգուր չդարձած մի երկու տասնյակ գործիչներ կան, որոնց մի կեսի քաղաքական գոյության հնարավորությունը պայմանավորված կարող է լինել միայն Ռոբերտ Քոչարյանին կից գործելով, մյուս կեսինն էլ` Սերժ Սարգսյանին կամ հիմա արդեն քաղաքական հայտ ներկայացրած նրա փեսա Միքայել Մինասյանին կցված լինելով:

Ցանկն, իհարկե, կարելի է շարունակել եւ անհատապես նշել բոլոր մասնակիցներին կամ նրանց առնվազն 90 տոկոսին, բայց կարծում ենք, որ ընթերցողը մեզանից ավելի լավ գիտե, թե ով ով է: Եւ եթե նրանք հավաքվել են  մեկ տեղում, ապա որն է նրանց իրական ցանկությունը:

 

Պարգեւ Ապրեսյան