18.11.2019 15:12

Լուկաշենկո. «Մեր ինչի՞ն է պետք նման միությունը»

Լուկաշենկո. «Մեր ինչի՞ն է պետք նման միությունը»

Քանի դեռ չեն լուծվել Բելառուսին ածխաջրածիններ մատակարարելու հարցերը,  և չեն հանվել առևտրային խոչընդոտները, Ռուսաստանի հետ ինտեգրվելու վերաբերյալ ճանապարհային քարտեզի մասին խոսք լինել չի կարող, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ առևտրի ամենամյա դեֆիցիտը հասնում է 9 մլրդ դոլարի, և ռուսաստանյան շուկաներ բելառուսական ապրանքների մուտքի արգելքը թույլ չի տալիս նվազեցնել այդ դեֆիցիտը:

«Երբ դու ինչ-որ միավորման մեջ ես մտնում, հույս ունես, որ ամեն ամիս ու ամեն տարի ավելի լավ է լինելու: Իսկ ի՞նչ է կատարվում մեր դեպքում: Մեզ ամեն տարի նոր պայմաններ են առաջադրվում: Եվ արդյունքում՝ մենք տնտեսության մեջ ինչ-որ բան կորցնում ենք, կորցնում ու կորցնում»,- նշել է Լուկաշենկոն:

«Ո՞ւմ է պետք նման միությունը: Ես ձեզ սովորական հարց եմ տալիս՝ սովորական գյուղական ձևով»,- ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը Ռուսաստանից ոչինչ չի խնդրում, բայց տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ է պահանջում:

Բելառուսում և Ռուսաստանում աշխատանքնային խմբեր են ստեղծվել, և ճանապարհային քարտեզներ են կազմվում ինտեգրացիայի խորացման ուղղությամբ: Ինտեգրացիոն փաստաթղթերը, ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Ռուսաստանի և Բելառուսի նախագահները մտադիր են ստորագրել դեկտեմբերի 8-ին՝ միութենական հանրապետության ստեղծման 20-ամյակի օրը:

«Ես ոչ մի փաստաթուղթ չեմ ստորագրի, եթե այն հակասի Բելառուսի Սահմանադրությանը և մեր հանրության հիմնարար սկզբունքներին,- հայտարարել է Լուկաշենկոն:- Մի անհանգստացեք, ես ձեզնից պակաս հայրենասեր չեմ»:

Փոխանցում է BBC-ն: