19.11.2019 11:16

Հոնկոնգի նոր ոստիկանապետը կոչ է անում դադարեցնել ցույցերը

Հոնկոնգի նոր ոստիկանապետը կոչ է անում դադարեցնել ցույցերը

Հոնկոնգի ոստիկանության նոր ղեկավար Քրիս Տանգը  բոլոր քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիան, որն արդեն հինգ ամիս է՝ շարունակվում է:

Թեպետ երեքշաբթի այդ պաշտոնում նշանակված Քրիս Տանգի տնօրինության տակ կա ավելի քան 30 հազար ոստիկան, նա հայտարարել է, որ միայն ուժով բողոքի ցույցերը դադարեցնել չի հաջողվի:

Ցուցարարների կարծիքով՝ Չինաստանի իշխանությունները չեն կատարում Հոնկոնգին ազատություններ տրամադրելու խոստումները, որոնց վերաբերյալ պայմանավորվածություն է եղել, երբ 1997 թ. բրիտանական նախկին այդ գաղութը փոխանցվել է Չինաստանին: Նրանք նաև զայրացած են ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու կապակցությամբ:

Պեկինն, իր հերթին, պնդում է, որ հավատարիմ է «մեկ երկիր – երկու համակարգ» սկզբունքին, և կտրականապես հերքում է ոստիկանության կողմից  դաժանությունների մեղադրանքները:

Վերջին երեք օրերին ոստիկանությունն ու ցուցարարներն առավել կատաղի բախումներ են ունեցել, երբ ցուցարարները թաքնվել էին պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական ավանում:

 

Փոխանցում է BBC-ն: