19.11.2019 12:45

Մորալեսը խոստանում է վերադառնալ, Ժանին Անյեսը ցուցադրական պատիժ է պահանջում

Մորալեսը խոստանում է վերադառնալ, Ժանին Անյեսը ցուցադրական պատիժ է պահանջում

Բոլիվիայում իշխանափոխությունից մեկ շաբաթ անց BBC-ի իսպանալեզու ծառայության թղթակիցները զրուցել են պաշտոնանկ արված նախագահ Էվո Մորալեսի և իրեն ժամանակավոր նախագահ հռչակած Ժանին Անյեսի հետ:

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը, որ իշխանության ղեկին է եղել 14 տարի, հրաժարական տվեց նոյեմբերի 10-ին, Բոլիվիայում նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ ծավալված և արդեն մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ցույցերի ազեցությամբ: Մի քանի օր անց բոլիվիական ընդդիմությունից սենատոր Ժանին Անյեսը, որը հայտնի էր Մորալեսի կոշտ քննադատությամբ, իրեն հայտարարեց ժամանակավոր նախագահ:

BBC-ին Մորալեսը պատմել է, թե ինչու է ստիպված եղել լքել երկիրը, և ինչպես է ընկալել զինվորականների՝ իրեն ներկայացված հրաժարականի վերջնագիրը, նաև խոստացել է երբևէ վերադառնալ հայրենիք: «Ուզում եմ, որ իմանաք. մինչև անցյալ կիրակի ոչ մի սպանություն չի եղել: Ես շատ անհանգստացած եմ դրա կապակցությամբ: Մենք պայքարում ենք հանուն խաղաղության և կշարունակենք պայքարել»,- ասել է Մորալեսը:

Պետության ղեկավարի պաշտոնակատար և Մորալեսի ընդդիմախոս Ժանին Անյեսը, իր հերթին, մեղադրել է նախկին նախագահին վախկոտության և ընտրություններում խախտումների համար: «Ժամանակը կգա, և մենք կիմանանք՝ ինչ պատիժ  կլինի հոկտեմբերի 20-ին՝ նախագահական վերջին ընտրություններում տեղի ունեցած խախտումների համար: Հիմա Էվո Մորալեսը որպես զոհ է ներկայանում, բայց այն, ինչ նա ասում է, սուտ է: Նա ստոր է վարվում,- ասել է Անյեսը:- Նրան պետք է ցուցադրաբար պատժել, որովհետև բոլիվիացիները դրան արժանի չէին, ախր դեմոկրատիան մեզ շատ թանկ գնով է բաժին հասել: Մորալեսը պետք է պատասխան տա օրենքի առաջ, որովհետև վախկոտի պես փախել է»:

Փոխանցում է BBC-ն: