19.11.2019 13:19

Brexit-ն ընտրությունների գլխավոր թեման է, բայց հիմնական թեկնածուներն այն շրջանցում են

Brexit-ն ընտրությունների գլխավոր թեման է, բայց հիմնական թեկնածուներն այն շրջանցում են

Բրիտանիան արտահերթ ընտրություններ է հայտարարել դեկտեմբերի 12-ին, որպեսզի ելք գտնի այն փակուղուց, որում հայտնվել է դեռ չիրականացված Brexit-ի պատճառով: Սակայն երկու խոշորագույն կուսակցություններն էլ քարոզարշավի հենց սկզբից հանկարծ սկսել են Եվրամիությունից դուրս գալը ներկայացնել որպես երկրորդական, ոչ շատ կարևոր հարց:

Չնայած դրան՝ ԵՄ-ի հետ հարաբերություններն, անշուշտ, շարունակում են լինել այս ընտրարշավի գլխավոր հարցը:

Հարցումների արդյունքներից դատելով՝ քվեարկությունից մեկ ամիս առաջ Համայնքների պալատի արտահերթ ընտրությունների ինտրիգը ոչ թե այն է՝ կհաղթեն թորինե՞րը, թե՞ լեյբորիստները (ընդ որում՝ թորիները, վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ, բավական տպավորիչ առավելություն ունեն), այլ այն, թե Ջոնսոնի կուսակցությունը կստանա՞ մանդատների մեծ մասը, թե՞ ոչ:

Եթե թորիները մեծամասնություն ստանան, նրանք կարող են վավերացնել ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը և ձևական առումով երկիրը միությունից դուրս բերել հունվարի 31-ին կամ նույնիսկ դրանից մեկ ամիս ավելի շուտ: Իսկ եթե նրանք մեծամասնություն չունենան, Brexit-ը կրկին կհետաձգվի (եթե ԵՄ-ն համաձայնի դրան), և ստիպված կլինեն նոր ընտրություններ անցկացնել կամ նույնիսկ՝ Brexit-ի հարցով նոր հանրաքվե:

Փոխանցում է BBC-ն: