19.11.2019 15:44

Կադիրովն իր «սպանելու, նստեցնելու, վախեցնելու» կոչը բացատրել է ավանդույթներով

Կադիրովն իր «սպանելու, նստեցնելու, վախեցնելու» կոչը բացատրել է ավանդույթներով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր խոսքերն այն մարդկանց «սպանելու, նստեցնելու, վախեցնելու» անհարաժեշտության մասին, ովքեր համացանցում վիրավորում են ուրիշների պատիվը, բացատրել է կովկասյան ավանդությթներով ու սովորություններով:

Նման հայտարարություն նա արել է Գրոզնիում իսլամական կենտրոնի շինհրապարակ կատարած այցի ժամանակ:

«Ինչ-որ բան եմ ասել զայրացած ժամանակ, հիմա փորձում են դա խեղաթյուրել: Երբ մենք հայհոյում ենք մեր ավանդույթների, ադաթների համաձայն, ասում ենք՝ «ես ջարդդ կտամ», «կսպանեմ քեզ», դրանք թարգմանում են ուղղակի: Ու ասում են՝ տեսեք, Կադիրովն էսպես-էսպես: Հե՜յ, ես դա՛ չեմ ասում,- ասել է Կադիրովը:- Ես նույնիսկ իմ երեխաներին եմ էդպես ասում: Մեր խոսքում դա օգտագործվում է: Միշտ էլ այդպես է եղել՝ վախեցնելու համար, հայհոյելիս»,- հավելել է Չեչնիայի ղեկավարը:

Ավելի վաղ Կադիրովը, ելույթ ունենալով հանրապետության կառավարության հետ փոքր և միջին բիզնեսին նվիրված հանդիպմանը, կոչ էր արել պատժել համացանցի օգտատերերին, որոնք, իր կարծիքով, կարող են «վիրավորել որևէ մեկի պատիվը»:

«Նրանց, ովքեր խախտում են մարդկանց միջև համաձայնությունը, զբաղվում են բամբասանքներով, եթե մենք նրանց չկանգնեցնենք՝ սպանելով, նստեցնելով, վախեցնելով, ոչինչ չի ստացվի»,- ասել էր նա:

Կրեմլը Չեչնիայի առաջնորդի ասածը սպանությունների մասին հրաժարվել է ստուգել, իսկ Կադիրովի մամուլի քարտուղար Ալվի Կարիմովը կասկած է հայտնել, թե BBC-ի թարգմանիչը տիրապետում է չեչեներենին: Ավելի ուշ չեչենեներից Կադիրովի ասածների պատշաճ թարգմանությունը վկայել են նաև այլ ԶԼՄ-ներ:

Փոխանցում է BBC-ն: