19.11.2019 17:02

Նոր դատավարություն Կատալոնիայում

Նոր դատավարություն Կատալոնիայում

«Կենտրոնական իշխանությունների կարգադրությունը չեմ կատարել, քանի որ այն ապօրինի էր». այսպես է իր գործողությունները բացատրել Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան դատարանում: Նրան մեղադրում են այն բանում, որ Իսպանիայում վերջերս կայացած ընտրությունների ժամանակ հրաժարվել է կատարել Մադրիդի, իսկ ավելի ստույգ՝ թագավորության ԿԸՀ-ի պահանջները և կառավարական հիմնարկներից հանել կատալոնական սիմվոլիկան:

«Այո, ես չեմ ենթարկվել: Այլ կերպ ասած՝ անհնազանդություն եմ դրսևորել,- դատավորի ուղիղ հարցին պատասխանել է Տոռան:- Բայց այդ պահանջն ապօրինի էր, և դատարանի դահլիճում բոլոր ներկաները գիտեն դա: Այդ պահանջը ներկայացրել է Իսպանիայի ԿԸՀ-ն, բայց այդ մարմինն այդ հարցում ոչ մի իրավասություն չունի: Բացի այդ, ես, որպես Կատալոնիայի կառավարության նախագահ, պարավոր չեմ ենթարկվել»:

Սակայն դիտորդները կարծում են, որ այսպիսի բացատրությունը չի բավարարի դատարանին, հատկապես՝ եթե հիշենք Կատալոնիայի նախկին կառավարության առաջնորդների նկատմամբ վերջերս կայացված դատավճիռները՝ 9-13 տարի ազատազրկումներով:

Այնուամենայնիվ, Տոռային նման պատիժ չի սպառնում: Այս անգամ Իսպանիայի դատախազությունը այլ մարտավարություն է ընտրել ՝ պահանջելով քաղաքական գործչին երկու տարով զրկել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Բայց եթե դա տեղի ունենա, ապա Կատալոնիայում  «հերթական» արտահերթ ընտրություններ են սպասվում:

Փոխանցում է euronews-ը: