19.11.2019 18:29

Լիզա Ճաղարյան. «Ջուր» քրգործը թթվաջուր դարձնելու ջանքը զավեշտի է վերածվում

Լիզա Ճաղարյան. «Ջուր» քրգործը թթվաջուր դարձնելու ջանքը զավեշտի է վերածվում

Գլխավոր մեղադրյալի եւ մյուսների դատավարության ընթացքն այլեւս կասկած չի հարուցում, որ ե՛ւ մեղադրյալները, ե՛ւ նրանց պաշտպաններն ուղղակիորեն սարսափում են բուն դատաքննությունից, որքան էլ որ, իրենց բառապաշարի ողջ «զորությունն» օգտագործելով, պիտակավորեն նախաքննական նյութերը։

«Ջուր է», «դատարկ է», «ոչ մի հիմնավորված փաստարկ չկա» ու սրանց նման որակումներին եւ ցանկացած պահի ՀՀ դատախազության ներկայացրած քրգործը բզիկ-բզիկ անելու ու քամուն տալու մասին քաջարի եւ որոտընդոստ հայտարարություններին զուգընթաց՝ այս մարդիկ 2018 թվականի հուլիս ամսից սկսած (մեկ տարի եւ հինգ ամիս) զբաղված են ինքնաբացարկների եւ խափանման միջոցի փոփոխման առաջարկների հեղեղով խոչընդոտելով «ջուր» եւ «դատարկ» դատաքննության ճանապարհը։

Տարրական տրամաբանությունը հուշում է. եթե այս քրգործը «ջուր է», ուրեմն ամենաշատը պետք է մեղադրյալներն ու նրանց պաշտպանները շահագրգռված լինեն, որ քրգործի նյութերը հրապարակվեն։ Պարզ է, չէ՞, եթե «ջուր է», հասարակությունը կլսի ու շատ կզայրանա, որ անմեղ մարդկանց անտեղի դատում են, փաստաբանական հզոր բանակն էլ (տեսանելի եւ անտեսանելի), իրար հերթ չտալով, ծվեն-ծվեն կանի անհիմն մեղադրանքները, անշուշտ՝ խուսափելով «վրեժխնդրություն» բառի շահագործումից, որովհետեւ հայտնի բան է՝ անմեղ մարդկանց նկատմամբ վրեժխնդրության ցանկություն չի առաջանում։ Հետո, հասկանալի է, դատախազներն ու տուժողների շահերը ներկայացնողներն ամոթից գլուխները կկախեն, անմեղ Քոչարյանն ու մնացածներն ազատ կարձակվեն դատարանի դահլիճից, բանը կհասնի Եվրոպական դատարան, Եվրադատարանն էլ կորոշի, թե անարդար դատվածներից որ մեկին ինչքան եվրո պետք է վճարի պետությունը, երկնքից էլ երեք խնձոր կընկնի, մեկը՝ անմեղ դատվողներին, մյուսը՝ անմեղների շահերը պաշտպանող հերոս փաստաբաններին, էն մյուսն էլ՝ «Քոչարյան հերոս» բղավող մի քանի տասնյակ անձնազոհ համակիրներին։

Բայց՝ չէ։ Ռոբերտ Քոչարյանը եւ նրան հարակիցները հեքիաթային վերջաբան չեն ուզում։ Ուզում են, որ Քոչարյանը որքան հնարավոր է երկար նստի բանտախցում, իրենք էլ ամեն գնով հետաձգեն «ջուր» ու «դատարկ» քրգործի քննությունը։

Թե ինչու, յուրաքանչյուրս ազատ ենք սեփական հետեւությունն անելու։ Մեկը կարող է մտածել, որ Քոչարյանն ուզում է երկար նստել բանտախցում, որ հաջորդ գիրքն էլ գրի իր հերոսական անցյալի մասին, մյուսը կարող է կասկածել, որ փաստաբաններն ուզում են հնարավորինս երկար տեւի դատավարությունը, որովհետեւ, դե, ընտանիք են պահում, բայց ինքս ոչ առաջինն եմ արժանահավատ համարում, ոչ էլ՝ երկրորդը, որովհետեւ դատավարության արհեստական ձգձգման գլխավոր դիրիժորը հենց Ռոբերտ Քոչարյանն է։

Իմ խորին համոզմամբ, այս մարդիկ պարզապես սարսափում են այն հեռանկարից, որ բաց դատավարությամբ հասարակությանը հայտնի են դառնալու այն ահավոր հանցագործությունները, որ կատարվել են Գերագույն հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամաններով եւ մյուսների հլու կատարմամբ, եւ այլեւս «ջուր» ու «դատարկ» որակումները փուչիկի պես օդում պայթելու են, «հզոր բանակն» էլ ստիպված է լինելու դատավարության ավարտին խնդրելու, որ «հարգելի դատարանը հաշվի առնի մեղադրյալների երբեւէ դատված չլինելու եւ ընտանիքի լավ հայրեր լինելու հանգամանքները։

Այս անպատվաբեր վերջաբանն էլ ստիպում է փաստաբաններին ու մեղադրյալներին՝ խափանման միջոցը փոխելու առաջարկի գերշահագործումից անցում կատարել դեպի «բացարկ» կամ «ինքնաբացարկ» կոչվող փրկօղակը, եւ այսպես՝ հերթով-շարքով անվստահություն հայտնել այս կամ այն ընդդիմախոսին։

Եվ եթե դատարանը չունի այս գործընթացը կասեցնելու որեւէ օրինական գործիք կամ չի ցանկանում օգտագործել այդ գործիքը, ուրեմն սպասենք համբերությամբ, որ վաղն էլ գլխավոր ամբաստանյալի եւ մյուսների փաստաբանները կպահանջեն դատարանում կարգը պահպանող ոստիկանների ինքնաբացարկը, հետո կանցնեն շենքի պահակներին, հետո՝ հավաքարարներին, հետո՝ ընդդեմ Քոչարյանի դատարանի առջեւ հավաքվող ցուցարարներին, հետո՝ «վրեժխնդրությամբ լցված» միլիոնավոր ՀՀ քաղաքացիներին։

Մեկիկ-մեկիկ։

Հասարակության նյարդերն, անշուշտ, կպրկվեն այս էժանագին թամաշայից, բայց մի մխիթարություն հաստատ դեռ կա՝ Ռոբերտ Քոչարյանն իր «վոյինական» կենսագրությունն այս ընթացքում «կերտում է» բանտախցում։