19.11.2019 18:00

Վրաստանում ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում

Վրաստանում ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում

Թբիլիսիի ոստիկանությունը հավաքել է վրանները և ջրցանների օգնությամբ փորձել է ցուցարարներին հեռացնել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտից:

Սկզբում ցուցարարները հատուկ նշանակության ջոկատայիններին դիմավորել են վեր պարզած ձեռքերով՝ ի նշան նրա, որ իրենց մտադրությունները խաղաղ են: «Մենք դեմ ենք բռնությանը»,- բարձրախոսով հայտարարել է ցուցարարներից մեկը:

Այնուհետև ցուցարարները փորձել են դիմադրություն ցույց տալ ոստիկանությանը: Վրաստանի ՆԳՆ-ում տեղեկացրել են, որ բերման է ենթարկվել 37 մարդ՝ ոստիկանությանը չենթարկվելու և խուլիգանության համար: Վեց մարդ վիրավորվել է, նրանցից չորսը ցուցարարներ են, երկուսը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ:

Խորհրդարանն արգելափակել էին ընդդիմության կողմնակիցները, որոնք պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել:

«Բողոքը շարունակվում է: Վրաստանի քաղաքացիներն ու հանրությունը այլ ելք չունեն: Մենք որոշել ենք իսկապես հասնել այն պահանջների կատարմանը, որոնք առաջադրել ենք մի քանի օր առաջ»,- ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներից մեկը:

Երեկ երեկոյան խորհրդարանը վերսկսել է աշխատանքը: Խոսնակ Արչիլ Տալակվաձեն իր հետ նիստերի դահլիճ է բերել այն շղթան և կողպեքը, որոնցով ցուցարարները փակել էին խորհրդարանի մուտքը: Նա ափսոսանք է հայտնել, որ ընտրական համակարգում փոփոխությունների օրինագիծը չի անցել, և որ դրա կապակցությամբ տարաձայնությունները դուրս են եկել խաղաղ ցույցերի շրջանակներից: Տալակվաձեն նաև առաջարկել է շղթան ու կողպեքը վերադարձնել ցուցարարներին:

Փոխանցում է BBC-ն: