19.11.2019 18:35

Պատմությունը խեղաթյուրվում է նաև անտեղյակությամբ

Պատմությունը խեղաթյուրվում է նաև անտեղյակությամբ

Նոյեմբերի 18-ին 1in.am կայքին տված հարցազրույցում  Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը նշում է. «Իհարկե, ցավ եմ ապրում, որ Վազգեն Մանուկյանը գտնվում է մերժվածների կողքին։ Ինքն էր պաշտպանության նախարարը, երբ մենք ազատագրեցինք Քարվաճառի շրջանը, Ակնան, Մեխակավանը, Կովսականը, դուրս եկանք արդեն Իրանի հետ սահման, ազատագրեցինք Ֆիզուլին, գրեթե ամբողջությամբ Մարտակերտն ազատագրեցինք, և երբ Վազգեն Մանուկյանին հանեցին և Սերժ Սարգսյանին նշանակեցին նախարար, իսկ պետնախարար Վազգեն Սարգսյանին, արդեն սկսեցինք ռազմական անհաջողություններ, մինչև 94թվականը, երբ եղավ հրադարարը»։

Ցավոք, պարոն Բադասյանը ցուցադրում է կատարյալ անտեղյակություն` խոսելով Արցախյան ազատամարտի  ժամանակագրության մասին: Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում տեղի է ունեցել միայն Քարվաճառի (Քելբաջարի) գործողությունը: Ակնայի (Աղդամ), Մեխակավանի (Ջաբրայիլ), Կովսականի (Զանգելան) և Ֆիզուլիի գործողությունների հետ Վազգեն Մանուկյանը որևէ առնչություն չի ունեցել:

Իսկ թե ինչպիսի ռազմական անհաջողությունների մասին է խոսում Վահան Բադասյանը 1993-94թթ, երբ պաշտպանության նախարարությունը գլխավորեց Սերժ Սարգսյանը և որի գործունեությունը համակարգում էր պետնախարար Վազգեն Սարգսյանը (վերջինս համակարգում էր նաև մյուս ուժային կառույցները), հայտնի է երևի միայն Աստծուն և իրեն:

Պատմության խեղաթյուրումը, որ սկսվեց քոչարյանական ռեժիմի հաստատմամբ, դժբախտաբար, շարունակում է մոդայիկ մնալ մեր օրերում: Եվ բազմաթիվ գործիչներ նման անտեղյակությամբ կամ միտումնավոր խեղաթյուրմամբ դատողություններ են անում Հայաստանի և Արցախի, նրանց առջև կանգնած կարևորագույն խնդիրների մասին:

Հ.Գ. Տեղանունների ադրբեջանական տարբերակները գրված են բացառապես տեղեկատվական նպատակով:

 

ilur.am