20.11.2019 11:23

Արսեն Գրիգորյան․ Վերջին շնչի քաջերը

Արսեն Գրիգորյան․ Վերջին շնչի քաջերը

Գիտե՞ք որն է խնդիրը՝ նորօրյա «ընդդիմադիրները» իրականություն չունեն։ Նրանք գիտեն, որ կարելի է լինել ընդդիմություն, նրանք դրա համար ունեն փող, մեդիառեսուրս, ունեն բառեր, ունեն նույնիսկ մարդիկ, որոնց պետք է ընդդիմադիր լինել, բայց իրականություն չունեն։

Իսկ իրականություն չունեն, որովհետեւ նրանց ոչ լեգիտիմությունը չի փոխվել։ Նրանք ոչ լեգիտիմ իշխանությունից տեղափոխվել են ոչ լեգիտիմ ընդդիմություն։ Չէ՞ որ ընդդիմադիրությունը նույնպես շնորհյալ է՝ ունես ժողովուրդ, մտածելու շատ բան չունես, ի վերջո արտահայտածդ պետք է լինի ժողովրդի ցավը։ Այսինքն, դու չես կարող գալ եւ ասել, որ ընդդիմություն ես, առաջարկել օրակարգ, որոնցից ոչ մեկը, որպես մարտահրավեր՝ քննություն չի բռնել։ Ընդհուպ մինչև այն, որ  «Վերնատան» հավաքը Հանրային հեռուստաընկերությունն էր ուղիղ եթեր հեռարձակում։

Հասկանու՞մ եք՝ քոչարյանական փողերով ծավալվող ընդդիմությունը անապատում գործող ընդդիմություն է։ Չգիտի որտեղից կառչի, որ իրեն հավատան։ Ամուլսարից չի կարող խոսել, որովհետեւ, կներեք, էդ հարցը որտեղի՞ց ծագեց, կոռուպցիայից չի կարող խոսել, նույնիսկ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից սմայլիկներ կուղարկի։ Այս մարդիկ հենման կետ չունեն, ահա ինչու Արսեն Բաբայանի ձերբակալությունից փորձում էին ստանալ Նելսոն Մանդելայի ողբերգություն։ Ինչ-որ մեկը պետք է կարողանա փոխել այս մարդկանց իրականությունը, բայց դա էլ խնդիրներ կառաջացնի։ Այս մարդկանց կենսական օրգանները անկշռելիության մեջ են գործում, առանց կոնկրետ իրավիճակում գտնվելու։

Նոր Հայաստանը մի իրականություն է, որի ոչ մի դրվագը նրանց հավակնությունները չի կերակրում, այս իրականությունը նրանց տեղ չի պահել ծվարելու համար, այստեղ նույնիսկ ինչ-որ մեկին քծնելու իրենց գենն անպիտան է։ Բայց ողբերգությունը ողբերգություն է հենց նրանով, որ աչքիդ առաջ իրականություն է փոխվում, ու դու քեզ դրա ոչ մի դրվագում չես տեսնում։ Ռոբերտ Քոչարյանը մնում է այդ մարդկանց միակ կամուրջը հին աշխարհից դեպի նոր աշխարհ։ Ավելի ճիշտ, ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ՝ նրա ֆինանսական միջոցները։

Հետեւաբար՝ դժվար է այս իրավիճակը գնահատել ծիծաղելի, թեպետ ամեն ինչ, որը նրանք քննադատում են, իրենց դնում է ծիծաղելի վիճակի մեջ։ Ցավակցել նրանց՝ նշանակում է ընդունել նրանց սխալվելու իրավունքը։ Բայց նրանց քաղաքական գործունեությունը դիտավորություն է։ Իրենք դա չեն թաքցնում։ Եվ իրենք դեռ դիմադրում են նույնիսկ ողբերգականության զգացմանը, որն ուղղակի բռնել է նրանց կոկորդից։ Այս մարդիկ փորձում են քաջ լինել վերջին շնչում։ Ծափահարե՞նք։