20.11.2019 13:18

Թրամփը «թաղվել է» ուկրաինական սկանդալի մեջ

Թրամփը «թաղվել է» ուկրաինական սկանդալի մեջ

Երեքշաբթի ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովում մեկնարկել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացի շրջանակներում հրապարակային լսումների երկրորդ փուլը:

Ցուցմունք են տվել ծնունդով Ուկրաինայից՝ այդ երկրի հարցերով Սպիտակ տան փորձագետ, փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանը, փոխնախագահ Մայք Փենսի խորհրդական Ջենիֆեր Ուիլյամսը, Ուկրաինայի գծով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի գծով նախկին փորձագետ Թիմ Մորիսոնը:

Վինդմանը, ինչպես նաև Ուիլյամսը, ներկա են եղել Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցին, որի ընթացքում Թրամփը պահանջել է հետաքննություն սկսել իր քաղաքական ընդդիմախոսի՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նկատմամբ:

Վինդմանը Թրամփի խոսակցությունը Զելենսկու հետ անվանել է անթույլատրելի և նշել, որ «չէր հավատում իր ականջներին»:

Վինդմանը նաև պատմել է, որ Ուկրաինայի նախագահի վարչակազմը իրեն երեք անգամ առաջարկել է ղեկավարել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը: Փոխգնդապետը նշել է, որ այդ առաջարկը մեծ պատիվ էր իր համար, սակայն ինքը լրջորեն չի մտածել դրա մասին:

Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով լսումները կոնգրեսում, հայտարարել է, որ ընդհանրապես չի ճանաչում Վինդմանին և առհասարակ «այդ մարդկանցից ոչ մեկին»՝ նկատի ունենալով մյուս վկաներին:

Փոխանցում է BBC-ն: