20.11.2019 13:36

Ջոնսոնի և Քորբինի առաջին հեռուստաբանավեճը ընտրություններից առաջ

Ջոնսոնի և Քորբինի առաջին հեռուստաբանավեճը ընտրություններից առաջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը երեքշաբթի երեկոյան առաջին հեռուստաբանավեճն են անցկացրել դեկտեմբերի 12-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ:

Ինչպես նշում է Financial Times-ը, լեյբորիստների առաջնորդ Քորբինը, որին անհրաժեշտ է հնարավորինս արագ քաղաքական կշիռ ձեռք բերել, բավական պատշաճ է հանդես եկել և նույնիսկ տեղ-տեղ խեղճացրել է իր ընդդիմախոսին, սակայն մեկ ժամվա ընթացքում այդպես էլ չի կարողացել հաղթել նրան:

Հեռուստաբանավեճից անմիջապես հետո YouGov-ի անցկացրած հարցման տվյալներով՝ Ջոնսոնին, այնուամենայնիվ, հաջողվել է հաղթել Քորբինին, թեկուզ նվազագույն առավելությամբ. վարչապետի օգտին քվեարկել է հարցված հեռուստադիտողների 51 %-ը, իսկ ընդդիմության առաջնորդի օգտին՝ 49-ը:

Բանավեճի ընթացքում Բորիս Ջոնսոնը կրկին հայտարարել է, որ ԵՄ-ից Բրիտանիան դուրս կգա մինչև 2020 թ. հունվարի 31-ը, մինչդեռ Քորբինը խոստացել է  հաղթելու դեպքում նոր հանրաքվե անցկացնել ԵՄ-ի հետ գործարքի վերաբերյալ:

Փոխանցում է BBC-ն: