21.11.2019 14:09

Բրիտանիայի հյուպատոսության՝ Հոնկոնգում ձերբակալված աշխատակցին խոշտանգել են Չինաստանում

Բրիտանիայի հյուպատոսության՝ Հոնկոնգում ձերբակալված աշխատակցին խոշտանգել են Չինաստանում

Հոնկոնգում Մեծ Բրիտանիայի հյուպատոսության աշխատակից Սայմոն Չենը BBC-ին տված հարցազրույցում պատմել է, որ Չինաստանում կալանքի տակ եղած ժամանակ իրեն խոշտանգել են և մեղադրել Հոնկոնգում քաղաքական ցույցերի դրդելու համար։

29-ամյա Սայմոն Չենը Հոնկոնգի քաղաքացի և բնակիչ է, նա բրիտանական հյուպատոսությունում է աշխատում արդեն գրեթե երկու տարի։

Օգոստոսին նրան ձերբակալել են Հոնկոնգից դուրս՝ մայրցամաքային Չինաստանում, և 15 օրով կալանավորել են։

«Ինձ կապկպել էին, աչքերս կապել էին,- պատմել է Չենը։- Նրանք ասացին, որ հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, և որ ոչ մի մարդու իրավունք էլ գոյություն չունի։ Հետո սկսեցին խոշտանգել»։

Բրիտանիայի կառավարության աղբյուրները նշել են, որ Սայմոն Չենի հայտարարությունները վստահելի են, այդ թվում՝ այն պնդումները, թե իրեն ծեծի են ենթարկել և ստիպել խոստովանական ցուցմունքներ գրել։

Սայմոն Չենի հարցազրույցից հետո արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը իր մոտ է կանչել Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպանին և վրդովմունք է արտահայտել միջադեպի կապակցությամբ։ Սակայն Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչն իր հերթին BBC-ի հետ զրույցում հայտարարել է, թե «բացարձակապես չենք կարող ընդունել Միացյալ Թագավորության միջամտությունն այդ հարցում», և խոստացել է, ի պատասխան՝ կանչել Բրիտանիայի դեսպանին և «նրան հաղորդել մեր դժգոհությունն ու առարկությունները»։

Չենը նաև հաղորդել էր, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում տեսել է Հոնկոնգի ձերբակալված ուրիշ բնակիչների։ Այս հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, ավելի կմեծացնի բողոքի ցույցերի թափը։

Փոխանցում է BBC-ն։