21.11.2019 17:55

Լիզա Ճաղարյան. Կեղծ բարեպաշտները հանցագործներից վտանգավոր են

Լիզա Ճաղարյան. Կեղծ բարեպաշտները հանցագործներից վտանգավոր են

«Հասարակությունը բաժանվել է երկու մասի», «իշխանությունը Հայաստանի քաղաքացիներին սեւերի ու սպիտակների է բաժանել», «երբեք հասարակությունն այսպես երկփեղկված չի եղել», «ատելությունն է թեւածում Հայաստանի երկնակամարում» եւ սրանց նման՝ տարբեր շարադասությամբ դատողություններ կարդալիս կամ լսելիս՝ որքան էլ ձգտես հանդուրժող լինել, այսպես կոչված՝ բազմակարծության նկատմամբ, առաջին հերթին մի հարց է ծագում գլխումդ՝ էս պնդումների հեղինակներն իրե՞նց են անմեղսունակի տեղ դնում, թե՞ իրենց ունկնդիրներին։

Այսինքն, ըստ այս տագնապաախտահարվածների՝ մինչ իշխանափոխությունը Հայաստանում մի նախանձելի եւ կուռ միասնություն էր իշխում ՀՀԿ-ականների սիրագորով հովանու ներքո, բոլորը բոլորին սիրում էին եւ մի բռունցք դարձած՝ լուսաճաճանչ հայացքները հեռուներին հառած, սլանում էին դեպի պայծառ ապագա ու հեսա-հեսա հասնելու էին, ու մեկ է՛լ...

Ու մեկ էլ մի օր արթնացավ միասնական ու երջանիկ Հայաստանն ու տեսավ՝ ՀՀԿ-ի սիրագորով հովանին գետնի տակն է անցել (ամեն), մի բռունցք դարձած եւ դեպի ճաճանչափայլ ապագա սուրացող հասարակությունն էլ բաժանվել է երկու մասի եւ ճղփճղփում է միմյանց նկատմամբ ատելության ճահճում։

Նոր էլ կարդացի կայքերից մեկում, որ ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը ասել է. «Վատ միտում եմ նկատում, մեր հասարակությունը պառակտվել է երկու մասի»։

Իաաաա, իրո՞ք, պարոն Եգոր։

Գլումովի նման՝ այս արհավիրքը «շուտափույթ» նկատողները քանի՞ հոգի են Հայաստանում։

Հենց այնքա՛ն են, որքան որ մինչ իշխանափոխությունը կա՛մ թալանում էին Հայաստանն ու Հայաստանի քաղաքացիներին, կա՛մ բանտարկում էին Հայաստանի քաղաքացիներին, կա՛մ սպանում էին Հայաստանի քաղաքացիներին, կամ էլ անգետ ու կույր էին ձեւանում Հայաստանի քաղաքացիների հանդեպ ռոբասերժական բեսպրեդելի նկատմամբ՝ վերջին շրջանում «վատ միտում» նկատող ոմանց պես։ Թե ինչու՝ հարցրեք «պիցցայակեր» շատ «պատվարժան» բնորոշմանն արժանացածներին։

Գուցե վիրավորական թվա բանական ընթերցողին, որ ստիպված եմ հայտնի ճշմարտություններ մատնացույց անել, բայց ի՞նչ արած. սեւ քարոզչությունն ինքնին պարզունակ է այնքան, որ հակադրումն էլ, ուզես-չուզես, համարժեք պետք է լինի։

Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժիկ Սարգսյանի իշխանության տարիներին՝ առնվազն քաղաքական սպանություններից եւ Հոկտեմբերի 27-ի նախճիրից հետո, Հայաստանում հասարակությունն այնքա՛ն էր ատում իշխող հանցախմբին, որ պատրաստ էր կրել ցանկացած զրկանք, բռնություն, նաեւ ազատազրկում ու խոշտանգում, նույնիսկ ինքնազոհաբերում՝ միայն թե ազատվեր «պախանական» օրենքներով առաջնորդվող ոճրագործներից եւ սրանց այլանդակությունների մեջ «վատ միտում» չնկատողներից։

Սեւուսպիտակի բաժանման հիմնաքարը դրվեց այն ժամանակ, երբ պարզվեց՝ սեւը կարող է սպանել սպիտակին ու չպատժվել ըստ քրեական օրենսգրքի համապատասխան պահանջի, երբ պարզվեց, որ մի խումբ թալանչիներ օրենքից վեր են եւ անքննելի, երբ օրվա հացը մի կերպ վաստակող կամ չվաստակող սպիտակների աչքի առաջ սեւերը ժամ առ ժամ սկսեցին հղփանալ ու բթանալ սեփական հղփացածության աստիճանին համապատասխան, երբ սեւերը Երեւանի կենտրոնում գնդակահարեցին առնվազն Հայաստանի տասը սպիտակ քաղաքացու, երբ սպիտակները սարսափով տեսան, թե ինչպես չորս օրում հարյուրից ավելի պատանիներ սպանվեցին սահմանի վրա, եւ թե ինչպես «կանսեռվի բանկաների» պաշտպանության հույսին մնացած նահատակվածների հերոսությունը լկտի ու թալանչի սեւ իշխանությունները փորձեցին իրենց իշխանավարության «աննախադեպ հաղթանակների» թվին դասել ու առանց խղճի նշույլի, պիղատոսաբար՝ անողոք ողբերգությունն իրենց «իմաստուն» քաղաքականության նվաճում որակել։

Չձանձրացնեմ քաջատեղյակներին։ Կրկնեմ. հասարակությունը սեւերի եւ սպիտակների են բաժանվել ռոբասերժական բեսպրեդելի տարիներին, եւ մի օր էլ՝ սպիտակներին հաջողվել է գրողի ծոցը ուղարկել սեւերին։

Եվ այո՝ շարունակում է ատել «գրողի ծոցում» ապահով տեղավորված եւ «անարդարացիորեն հալածվողներին», որովհետեւ տեսնում է, որ սրանց լկտիությունն ու անամոթությունը անսպառ են, եւ որ սրանք չեն խորշում նույնիսկ Հայաստան պետության հիմքերի խարխլումից, «դրսից տղա բերելու» դավաճանական նկրտումներից, չեն խորշում ոչ մի ճղճիմ ստորությունից, կեղծիքից ու նենգությունից՝ միայն թե կրկին իրենց լափամանները լեփ-լեցուն լինեն։ Եվ որ հենց իրե՛նք են ատելության քարոզի առաջամարտիկները, իսկ հասարակությունն ընդամենը հակադարձում է սրանց մաղձութույնին՝ ըստ արժանվույն։

Կեղծ բարեպաշտների ճամարտակություններին հակադարձեմ մեկ պարզագույն հարցով՝ հասարակության հիմնավորված ատելության եւ արդար ընդվզման արդյունքում «գրողի ծոցում» հայտնված հանցագործները գեթ մեկ օր հնարավորություն տվե՞լ են հասարակությանը՝ պարտվածների նկատմամբ մեծահոգություն ցուցաբերելու։ Ի՞նչ մեծահոգություն ու լայնախոհություն եք ակնկալում մինչ օրս իր վերքերը մինչեւ վերջ չբուժած հանրությունից, եթե նախկինները կատաղի պայքար են մղում կրկին ՀՀ քաղաքացիներին ստրկացնելու նպատակով։

Երբ գազանը շարունակում է հարձակվել դեռեւս վերքերը լիզող զոհի վրա, չպաշտպանվի՞ զոհը՝ ձեռքն ընկած ցանկացած գործիքով։

Կեղծ բարեպաշտներիդ որջերը ե՛ւ ռոբասերժիկների ժամանակ է տաք ու ապահով եղել, ե՛ւ հիմա է տաք ու ապահով։

Կեղծ բարեպաշտներդ մի՛շտ եղել եք ու մի՛շտ կլինեք, ձեր տեսակը ոչ օդում է ցնդում, ո՛չ ջրում է խեղդվում, ոչ էլ կրակի մեջ է այրվում։

Կեղծ բարեպաշտներդ ավելի վտանգավոր եք, քան բացահայտ հանցագործները։ Հանցագործները վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առաջ, իսկ ձեզնմանները դոնդողի պես օրվա պահանջած ձեւի ու բովանդակության կաղապարի մեջ ապահով տեղավորվել են ու տեղավորվելու են։ Ինչպես միշտ է եղել։

Եվ հիմա հասարակությանը երկու մասի բաժանելու մասին անամոթաբար աղաղակողների խմբակին միանալու «բարեպատեհ» շրջանն է։

«Վատ միտում» նկատողներին հիմա բանտախցերում չեն փակում, չեն խոշտանգում, չեն սպանում, չեն թալանում։ Եղած կամ չեղած հիվանդությունները «թավշյա» հոգատարությամբ բուժում են առաջնակարգ հիվանդանոցներում, ուղարկում են արտերկրում բուժվելու, «զոհի» կոչում են շնորհում եւ հոգեպարար ժպիտով «հույս են հայտնում», որ պախանական եւ ահաբեկչական հարուստ կենսագրությամբ նախկինները ռեւանշի ճամփան չեն բռնի։ Բա իհարկե, մի՞թե հնարավոր է նման բան, բա «հույսը» չի՞ կասեցնի նրանց արնածոր մտադրությունների ճամփան։

Կկասեցնի՛։ Բայց ո՛չ՝ ոմանց անդեմ ու անատամ «հույսը»։

Կկասեցնի հասարակության կամքը։

Ինչպես միշտ է եղել։