22.11.2019 10:38

Ինչու Սարգսյանը չտվեց Քոչարյանի անունը

 Ինչու Սարգսյանը չտվեց Քոչարյանի անունը

Խոսելու հեռանկարով երկար ժամանակ հանրությանը «սպառնացող» Սերժ Սարգսյանը երեկ վերջապես ելույթ ունեցավ, մի քիչ խոսեց: Բայց ո՛չ Հայաստանում, այլ Զագրեբում, որտեղ ընթանում էր ԵԺԿ համաժողովը: Դե, ինքը ՀՀԿ նախագահն է, ՀՀԿ-ն էլ անդամակցում է ԵԺԿ-ին:

Ինչեւէ: Ավելի կարեւոր է, թե ինչ է ասել Սարգսյանը, իսկ որ ավելի կարեւոր է՝ ինչ չի՛ ասել, թեեւ կարող էր ասել: Նշենք, որ Սարգսյանը խոսել է 2018-ին տեղի ունեցած հեղափոխության, դրանից հետո Հայաստանում տիրող իրավիճակի եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին:

Եվրոպական այդ լուրջ ամբիոնն օգտագործելով որպես առիթ՝ հետհեղափոխական Հայաստանի մասին խոսելու համար, Սարգսյանը, սակայն, մի կարեւոր բան չի ասել՝ կամա թե ակամա: Մասնավորապես, հետհեղափոխական դատավարությունների համատեքստում:

«Երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ»:

Եւ վերջ:

Մարդը հայտարարում է, թե երկրում տեղի են ունենում քաղաքական դատավարություններ, բայց չի կոնկրետացնում, թե որ դատավարության կամ որ դատավարությունների մասին է խոսքը: Իհարկե, նա կարող է ասել կամ նրա խոսքը կարող են մեկնաբանել, թե այդպես է հայտարարել, քանի որ այդպիսին է համարում անխտիր բոլոր դատավարությունները, եւ դրա համար էլ որեւէ կոնկրետ գործ չի առանձնացրել:

Բայց նույնիսկ այդ դեպքում, այսինքն՝ եթե նա իսկապես այդպես համարեր եւ դա էլ նկատի ունենար, հասկանալի չէր լինի մեկ էական պահ՝ իսկ ինչո՞ւ Սարգսյանը չտվեց Ռոբերտ Քոչարյանի անունը եւ չբերեց նրա օրինակը՝ որպես «քաղաքական դատավարության» ապացույց:

Չէ՞ որ խոսքը ոչ միայն իր երկարամյա ընկերոջ մասին է, այլեւ մարդու, որը Հայաստանում տասը տարի պաշտոնավարել է նախագահի պաշտոնում: Եւ եթե որոշել ես այդպիսի բարձր ամբիոնից խոսել հետհեղափոխական դատավարությունների մասին, ապա դա ամենալավ առիթն էր, որ հիշատակվեր այդ գործը: Եւ դա տրամաբանական կլիներ ու հասկանալի Սարգսյանի պարագայում՝ թե՛ որպես ընկեր, թե՛ որպես մեկը, որին ժողովուրդը հեռացրեց իշխանությունից, եւ որի ձերբակալությունը եւս ակնկալում է:

Այնպես որ, ակնհայտ է՝ Սարգսյանն իր ելույթում ոչ թե նկատի ունեցավ նաեւ Քոչարյանի ձերբակալությունը, այլեւ՝ թերեւս, հենց գիտակցաբար էլ չխոսեց դրա մասին: Իսկ թե ինչո՞ւ։ Դա արդեն պետք է կռահել: Կա՛մ Սարգսյանը Քոչարյանի կալանավորումը քաղաքական չի համարում, կա՛մ Քոչարյանի կալանավորումը նույնիսկ իր՝ Սարգսյանի սրտով է:

Քրիստինե Խանումյան