22.11.2019 14:56

Հռոմի պապը դատապարտել է մարդկանց առևտուրը

Հռոմի պապը դատապարտել է մարդկանց առևտուրը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որ այցելել է Թայլանդ, հինգշաբթի օրը կաթոլիկ պատարագ է անցկացրել Բանգկոկի ազգային մարզադաշտում։

Պոնտիֆիկոսի այցի կազմակերպիչների տվյալներով՝ պատարագին հավաքվել է 60 հազար հավատացյալ։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը մարզադաշտն անցել է պապական բաց ավտոմեքենայով։ Ժամասացության ընթացքում նա դատապարտել է մարդկանց առևտուրը և կոչ է արել հարգել ներգաղթյալներին։

«Ես մտածում են այն երեխաների ու կանանց մասին, որոնք պոռնկության և մարդկանց առևտրի զոհ են դարձել, նրանց մարդկային արժանապատվության ոտնահարման մասին։ Ես մտածում եմ այն երիտասարդների մասին, որոնց ստրկացրել են թմրամոլությամբ, որը ոչնչացնում է նրանց երազանքները, և նրանք կորցնում են կյանքի իմաստը։ Ես մտածում եմ միգրանտների մասին, որոնք զրկվել են իրեն տներից ու ընտանիքներից»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։

Պապի այցը նվիրված է այդ ասիական երկրում առաջին քարոզչական առաքելության 350-ամյակին։ Ֆրանցիսկոս պապը երկրորդ պոնտիֆիկոսն է, որ այցելել է Թայլանդ՝ Հովհաննես Պողոս II-ից հետո, որն այդ թագավորություն էր այցելել 1984 թ․։

Փոխանցում է euronews-ը։