25.11.2019 11:02

Արամ Սարգսյան. «Երեքին էլ նույն հարթության վրա դնելը համարում եմ սխալ»

«Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ գիտնական է, շատ լուրջ գիտնական, ինքը Աստվածաշնչի թարգմանողներից մեկն է, Լեւոն Տեր-Պետրոսյանը նախկին Սովետական Միության իրական հեղափոխության, Հայաստանում արված հեղափոխության, որ հասարակարգ է փոխվել.... իր անունը իսկապես պատմության մեջ շատ լուրջ տառերով գրվելու է, որովհետեւ ինքը շատ լուրջ փոփոխություններ է արել: Իր առաջին ընտրությունները եղել են բացարձակ արդար, եւ այդ ընտրություններն էին, ու այդ արդարությունն էր, որ բերեց պատերազմում հաղթանակի` նկատի ունեմ 90-94 թվականների պատերազմը։ Տեր-Պետրոսյանի իշխանությունն այս դրական բաներն ունի, նաեւ ունի բացասական բաներ, որ ուներ թե՛ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, թե՛ Սերժ Սարգսյանի իշխանությունը»:

«Կա՛մ պիտի հիմնավորեն, որ 96-ի ընտրությունները չեն կեղծվել, հիմնավորի Նիկոլ Փաշինյանը, Տեր-Պետրոսյանը կամ նրա կողմնակիցները, ես, օրինակ, մշտապես ասել եմ, որ այդ ընտրությունները երկրորդ փուլ պիտի գնային, այնպես չէր,որ Վազգեն Մանուկյանը հաղթել էր։ Երկրորդ, ես միշտ դեմ եմ եղել 96-ը 2008-ի հետ համեմատելուն, որովհետեւ 96-ին ժողովուրդն ինքն է գնացել կոտրել ԱԺ դարպասները, առեւանգել ԱԺ նախագահին, ԱԺ փոխնախագահի գլուխը կոտրել է, չասեմ՝ էլ ինչ է արել, ու այս պարագայում է, որ իշխանությունը արդեն որոշում է կայացրել ուժ կիրառել, ու որեւէ մեկը չի կրակել, ոչ մի զոհ չկար, եթե կրակվել է, կրակել են դատարկ փամփուշտներով` օդ։ Ընդ որում՝ ընդդիմության լիդերը մտել է ԱԺ շենք դիմացի մուտքից, հետնամուտքից հեռացել, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչեւ վերջին պահը մնացել էր հրապարակում, ինքը բողոքել է կեղծված ընտրությունների դեմ, ինքը մարտի 1-ի զոհ է, ու, համեմատել զոհին ու դահճին իրար հետ, նրա, ով կատարել է այդ սպանդը, անթույլատրելի է, չի կարելի էս մարդկանց նույն հարթության վրա դնել»։

«Ես այն եզակի քաղաքական գործիչներից եմ, որ աշխատել է բոլորի հետ՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի հետ, վեց ամիս որպես վարչապետ, ում հետ եղել եմ... ընդհանրապես ես իմ շփումներում մարդկանց հետ կամ անկեղծ եմ, կամ չեմ շփվում։ Կիսվել եմ ամեն ինչում, ինքն էլ սկզբնական շրջանում կիսվել է ինձ հետ, գիտեմ էդ մարդու թե՛ առավելությունները, թե՛ թերությունները։ Շատ լավ գիտեմ Սերժ Սարգսյանին։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ 2008-ին արդեն ահռելի ճանապարհ եմ անցել եւ գիտեմ, որ էդ մարդիկ, իրենց քաղաքական գործունեության առումով որոշակի նմանություններ ունենալով հանդերձ, ընդհանուր առմամբ՝ իրարից խիստ տարբեր են, որեւէ կերպ չի կարելի այդ անհատներին նույն հարթության վրա դնել ու պահանջել բոլորին բռնել, բոլորին ձերբակալել, բոլորին ունեզրկել։

Լեւոն Տեր-Պետրոսյանի համար ֆինանսական միջոցները ոչինչ են։ Հավատացնում եմ ձեզ, որ իր համար փողը որեւէ նշանակություն չունեցող բան է, էական որեւէ նշանակություն չունի։ Ինքը փողի ոչ արժեքը, ոչ ծախսելու ձեւը եւ ոչ էլ գինը գիտի, իրեն դա հետաքրքիր չի, ու չի էլ ուզում իմանալ։ Իր տեսակը ուրիշ է, ինքը գիտնական է, լուրջ գիտնական է, ու ցանկացած առումով նույն հարթության վրա դնելը, երեքին էլ նույն հարթության վրա դնելը համարում եմ սխալ»:

Ավելի մանրամասն՝ տե՛ս տեսանյութում (17.00-24.00)։