25.11.2019 12:00

«Վերնատունը» առաջին իսկ քայլով ինքնասպանություն է գործում

«Վերնատունը» առաջին իսկ քայլով ինքնասպանություն է գործում

«Աշխարհացունց» թոզ ու դուման բարձրացնելով՝ վերջերս ստեղծվեց գողացված «Վերնատուն» անունով քաղաքական մի ակումբ՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Իր  կազմավորումը հռչակելուց հետո այն սկսեց նաեւ նույնքան «աշխարհացունց» հայտարարություններ տարածել։ Նկատի ունենալով, մասնավորապես, ակումբի հայտնի անդամների «ազգանվեր» կենսագրությունը, անշուշտ, այդ հայտարարություններում պիտի արձանագրվեին Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները եւ այդ խնդիրների լուծման ճանապարհները։ Հենց նման տպավորություն է թողնում նոյեմբերի 15-ին տարածված հայտարարությունը, բացառյալ ընդամենը... մեկ տողի։ Հայտարարությունը վերաբերում է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հարցերին, եւ հարցադրումները ամփոփվում են օրակարգային երեք հարցերով.

  • «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),
  • Հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),
  • Դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ)»:

Անշուշտ, հարցադրումներն անելուց հետո, որպես ուղեցույց, տրվում են նաեւ դրանց պատասխանները կամ լուծման ուղիները՝ Արցախի հարցում՝ չորս կետով, հանրային մթնոլորտի առողջացման հարցում՝ երեք կետով, դատաիրավական համակարգի հարցում՝ չորս կետով։

Կարեւոր չեն ճիշտն ու սխալը, կարեւորը վերջին կետի հետեւյալ նախադասությունն է՝ «փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը»։

Եւ հօդս են ցնդում անտեղյակ ընթերցողի այն հնարավոր զգացումները, թե, ահա, երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ, «քաղաքական կենսագրություն» ունեցող մարդիկ հավաքվել են՝ լուծելու կամ օգնելու լուծել Հայաստանի օրախնդիր հարցերը։ Այս մի հատիկ նախադասությունը, սակայն, ի ցույց է դնում այն առանցքային, ավելի ճիշտ՝ միակ խնդիր-օրակարգը, որի համար ստեղծվել է գողացված «Վերնատուն» անվամբ այս ակումբը։ Պարզվում է, որ ինչպես այս «հարթակի» ստեղծման, այնպես էլ նրա հայտարարության մեջ բարձրացված թոզ ու դումանը ընդամենը քող է՝ ծածկելու համար իրենց միակ նպատակը՝ ապահովել Ռ. Քոչարյանի ազատ արձակումը։

Իսկ այս բացահայտումից հետո մնում է երկու ենթադրություն.

  1. Կամ այս նախաձեռնությունը ֆինանսավորվում է հատուկ այդ խնդիրը լուծելու համար (մանավանդ նկատի ունենալով տարածված այն համոզմունքը, որ նույն խնդրի համար առատորեն ֆինանսավորվում են բազմաթիվ լրատվամիջոցներ, անհատներ եւ այլն),
  2. Կամ այս «ակումբի» նախաձեռնողները եւ մասնակիցները չեն հասկանում, որ առաջին իսկ քայլով, սույն պահանջով ինքնասպանություն են գործում (նկատի ունենալով հասարակության մեջ ոչ թե տարածված, այլ արմատավորված համոզմունքը՝ Ռ. Քոչարյանի, մեղմ ասած, հանցավորության մասին)։