25.11.2019 15:40

Կեղծ օրակարգերի լավագույն պատասխանը գործ անելն է

Կեղծ օրակարգերի լավագույն պատասխանը գործ անելն է

Մամուլային արշավները չեն ավարտվում: Իրենց ընդդիմություն հռչակած նախկինները լրատվական դաշտը բառացիորեն հեղեղել են: Եւ այդ լրատվական հեղեղում խառնվել են թացն ու չորը: Մարդկանց կա՛մ գոյություն չունեցող, կա՛մ կեղծ օրակարգերով թեմաներ են մատուցում՝ ստիպելով, որ հանրության մի հատված մտնի այդ՝ իրականում զրո արժեք ունեցող քննարկումների մեջ՝ ժամանակ տրամադրի, նյարդեր, կարեւորը, որ քննարկի: Խոսողները, մեծ հաշվով, այնքան էլ շատ չեն, բայց փոխարենը շատ են տիրաժավորողները, շատ են ռեսուրսները: Նույն անձինք կայքից կայք, թերթից թերթ, եթերից եթեր են տեղափոխվում եւ մանտրայի պես կրկնում նույն կեղծ օրակարագերն ու հնչեցնում կեղծ ահազանգերը, որպեսզի մարդիկ շեղվեն իրական խնդիրներից: Պարզ է իրենց նպատակն ու ռազմավարությունը: Եթե իրական խնդիրների դաշտում բանավիճել չեն կարող կամ չեն ցանկանում, որովհետեւ այդտեղ իրենք ի սկզբանե պարտված դիրքերում են, ապա պիտի անդադար ու անընդհատ ոչ շոշափելի ոլորտներից մեղադրանքների դաշտ տեղափոխեն քննարկումը: Որովհետեւ եթե մեղադրանքը շոշափելի է լինում, պիտի նաեւ ցույց տան դա, պիտի ապացուցեն, իսկ ոչ նյութական արժեքների դաշտ տանելով քննարկումները՝ մատնացույց անելու կարիք չկա ամենեւին:

Ընդ որում, ոչ նյութական դաշտ տանելով եւ բարձր գոռալով՝ նաեւ փորձում են ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ ժամանակ չունենան մտածել ու հիշել, հարցնել՝ իսկ ովքե՞ր են այդ արժեքների համար պայքարողները: Եկեղեցու համար իբր պայքարում են մի մարդու կողմնակիցներ, որը հրաժարվում էր համբուրել խաչը, կրթության համար իբր  պայքարողները՝ կրթությունը առեւտրի վերածածները: Եւ այլն, եւ այսպես շարունակ:

Բայց հարցն այլ է: Հարցն այն է, որ ունեն լիակատար հնարավորություն եւ ազատ եթեր ու խոսում են, ու պիտի խոսեն: Դե հո ձեռքները ծալած չեն նստելու, էս էլ հո իրենց ժամանակները չէ, որ գրաքննեն եթերը: Հարցն այլ է՝ որոշակի հաջողություն ունենում են, որովհետեւ իշխանությունները թույլ են տալիս: Թույլ են տալիս՝ իրենց բան  ու գործը թողած մտնելով այդ քննարկումների մեջ, արդարանալով այդ մեղադրանքներից, իսկ սա էլ հենց այն է, ինչ ցանկանում են այդ քննարկումները նախաձեռնողները: Ներքաշել իշխանություններին եւ բանավեճը տանել «բազարի» մակարդակ:

Որովհետեւ իրենք՝ նախաձեռնողները, բոլորից լավ են հասկանում, որ որքան իշխանություններին ներքաշեն, ստիպեն արդարանալ, այնքան այդ մակարդակի քննարկումների համար ավելի շատ պարարտ հող է առաջանալու, ինչքան շատ խոսեն, այնքան ավելի շատ կխոսվի, այնքան թեմաները կշատանան, մարդիկ էլ դա կդարձնեն իրենց օրակարգային թեմա:

Ու դա կշարունակվի, կխորանա այնքան, քանի դեռ իշխանությունները չեն հասկացել մի պարզ բան. կեղծ օրակարգերի մեջ ներքաշվել չի կարելի, չի կարելի թույլ տալ այսպես կոչված ընդդիմախոսներին՝ օրակարգ թելադրել, եթե պետք է պատասխանել, ապա միայն աշխատանքով ու գործով՝ տեսանելի, շոշափելի գործով: Վերջ: Որպեսզի չեզոք արբիտրի դերում հանդես եկող հանրությունը տեսնի, որ մի կողմը անընդհատ խոսում է, մյուսը գործ է անում: Բայց երբ իշխանությունը մտնում է նման քննարկումների մեջ, ապա չեզոք արբիտր հանրության մոտ տպավորությունը մեկն է լինում՝ որ երկու կողմն էլ միայն խոսում են, որ եթե իշխանությունն էլ խոսում է, ուրեմն էլ ե՞րբ է գործ անում: Անգամ իրապես գործ անող իշխանությունը չի կարող ապացուցել, որ ինքը հասցնում է և՛ գործ անել, և՛ խոսել:

Հետեւաբար, իշխանությունը պետք է մեկ բան անի՝ գործ: Վերջ:

Պարգեւ Ապրեսյան