25.11.2019 17:08

Սենատորն արգելափակել է հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևը Սպիտակ տան խնդրանքով

Սենատորն արգելափակել է հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևը Սպիտակ տան խնդրանքով

Հանրապետական կուսակցությունից սենատոր Լինդսի Գրեմը Axion-ին հայտարարել է, որ ինքն արգելափակել է հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկությունը Սպիտակ տան խնդրանքով:

«Հանդիպումից հետո (Սպիտակ տանը Թուրքիայի նախագահի հետ) մենք հավաքվեցինք ու քննարկեցինք տեղի ունեցածը»,- ասել է Գրեմը:

Նրա խոսքով՝ Սպիտակ տան՝ օրենսդրական հարցերով ներկայացուցիչն իրեն հայտնել է, որ սենատոր Բոբ Մենենդեսը պատրաստվում է քվեարկության դնել հայերի ցեղասպանության վերաբերյալ իր բանաձևը, և Գրեմին խնդրել է արգելափակել այն:

«Ես ասացի՝ իհարկե… Միակ պատճառը, որ ես դա արեցի, այն էր, որ նա (Էրդողանը) դեռ քաղաքում էր… Դրա ժամանակը չէր: Ես փորձել եմ փրկել հարաբերությունները (ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև)՝ եթե դա հնարավոր է»,- նշել է Գրեմը:

Նա հավելել է, որ անհարմար է զգացել, որ արգելափակում է Մենենդեսի բանաձևը: «Հաջորդ անգամ ես չեմ առարկի»,- ասել է նա:

Ի դեպ, անցյալ շաբաթ Մենենդեսը և սենատոր Թեդ Քրուզը կրկին հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձև են ներկայացրել:

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 «կողմ» և ընդամենը 11 «դեմ» ձայներով ընդունել էր բանաձև, որով ճանաչում և դատապարտում էր հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:

Փոխանցում է Interfax-ը: