26.11.2019 13:44

Եվրոպան ԻՊ-ին հարված է հասցնում համացանցում

Եվրոպան ԻՊ-ին հարված է հասցնում համացանցում

Լայնածավալ ոստիկանական գործողությունը «լուրջ հարված» է հասցրել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման՝ համացանցում քարոզչություն տարածելու կարողություններին:

Ջիհադականների լրատվական ինտերնետ-կայքերի վրա բարեհաջող գրոհն անցկացվել է Եվրոպոլի (Եվրոպական ոստիկանության) կողմից՝ Բելգիայի դաշնային ոստիկանության փորձագետների հետ համատեղ:

Հաագայում Եվրոպոլի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում բելգիական դատախազության ներկայացուցիչ Էրիկ Վան դեր Սիփթը նշել է. «Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններից բացի, և եվրոպական երկրների տարածքներում հարձակումներից բացի՝ «Իսլամական պետություն» խմբավորումը համաշխարհային ցանցում հզոր քարոզչություն է ծավալում: Այդ քարոզչությունը համակարգվում է այն զանգվածային լրատվամիջոցներով, որոնք կապ ունեն այդ ահաբեկչական կազմակերպության հետ»:

Հաղորդվում է, որ գործողության նախապատրաստությունը տևել է գրեթե մեկ տարի, իսկ այն իրականացվել է նոյեմբերի 21-ի և 24-ի միջև՝ մի քանի օրում: Եվրոպացի մասնագետներին հաջողվել է հայտնաբերել և արգելափակել հազարավոր հաշվեհամարներ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն, այսպես կոչված՝ Amaq լրատվական գործակալության հետ, ինչպես նաև՝ տեսահոլովակներ, որոնք ծայրահեղականություն են քարոզում:

Փոխանցում է euronews-ը: