26.11.2019 13:59

Արսեն Գրիգորյան. «Բարով-խերով, հորով-մորով» արված կրթության սեւ դրոշակակիրները

Արսեն Գրիգորյան. «Բարով-խերով, հորով-մորով» արված կրթության սեւ դրոշակակիրները

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը ՀՅԴ երիտասարդները պահանջում էին նաեւ Բրյուսելում։ Իսկ երկուշաբթի այստեղ դադարեցվեց նրա հրաժարականի պահանջով նստացույցը։

Ընդհանուր առմամբ՝ նրանց կարելի էր հասկանալ՝ քաղաքական զրոյական օրակարգը լցնել «ազգային ազատագրական» կռվով, որտեղ հաղթանակը միշտ բարոյական է։ Նրանք հույս հայտնեցին, որ նախարարը կգա եւ կլսի նրանց պահանջները, որոնք գիտության եւ կրթության զարգացման հայեցակարգին են նվիրված։

Ուրեմն տեսեք։ Այս կուսակցությունը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք մեկ տասնյակից ավելի տարի պատասխանատու է եղել կրթության եւ գիտության զարգացման համար։

Իսկ այդ ընթացքում ինչո՞վ էին զբաղված գիտնականները եւ ուսուցիչները։ Գիտնականները փող էին ուզում մի քանի տարին մեկ իրենց ուղղությամբ նայող նախագահներից, իսկ ուսուցիչները ընտրությունների ժամանակ ցուցակներ էին հավաքում ՀՀԿ-ի համար։ Ուսուցիչներն ավելի նվիրված էին իրենց «վստահված գործին», նրանք ընդհուպ երեխաներին էին հորդորում ծնողներին ասել, որ պետք է քվեարկել ՀՀԿ օգտին։

Այդ ժամանակ ինչո՞վ էին զբաղված դաշնակցական նախարարները, համենայնդեպս, նրանք, ովքեր նախարար էին ընտրություններից առաջ։ Պարզ է, ուժեղացնում էին «հայրենասիրության» ալիքը դպրոցներում, դասագրքերում ներկայացվում էր ժամանակակից նոր պատմություն, որտեղ մարտի 1-ն ինչ-որ անհասցե ողբերգություն էր, որտեղ պարզ չէր, թե ով ում վրա եւ ինչու կրակեց։ Թերեւս այդ ժամանակվա կրթության գլխավոր «գաղափարախոսը» երգիչ Նունե Եսայանն էր, որն անկեղծորեն զարմացել էր, թե այդ օրը ցուցարարներն ի՞նչ գործ ունեին փողոցում, «որ մի հատ էլ զոհվել էին»։ Ազնվագույն հարց, որը անմեղսունակության բոլոր «կանոնների» համաձայն՝ իր հետեւից ոչ մի տեղ էր տանում բուհ «վռազող» դպրոցականների տասնյակ հազարավոր բանակը, որպեսզի սոված ծնողների լուռ խրախուսանքի ներքո երեխաները խցկվեն ուսանողական խորհուրդներ եւ վերջնականապես լուծեն վճարովի կրթությունը բարով-խերով «հորով-մորով» անելու հարցը։

Իսկ թե այդ ամենի մեջ որտե՞ղ էր կրթությունը, գիտեր միայն Լեւոն Մկրտչյանը։ Եվ ոչ մեկի մտքով չէր անցնում պահանջել Լեւոն Մկրտչյանի հրաժարականը, քանի որ նա որեւէ գաղափարով հանդես չէր գալիս։ Նա քննություն բռնած կամ չբռնած որեւէ միտք չուներ, որը կտեղավորվեր «կրթության ռեֆորմներ» ընկալման տակ։

Ոչ ոք չի մոռացել այդ տարիների Հայաստանը։ ՀՀԿ-ական շտաբներ էին բացվում նույնիսկ մանկապարտեզներում, որտեղ «նախընտրական քարոզչությունը», իսկ իրականում՝ ընտրողների փողով հավաքագրումը, տեղի էր ունենում «երազանքների երկիր Հայաստանի» մասին ոտանավորներ ու երգեր սովորելուն զուգահեռ։ Այդ ժամանակ էլ դաշնակցական ոչ մի երիտասարդ որեւէ մեկի հրաժարականը չպահանջեց։ Դա Թուրքիայի դրոշ չէր, որ վառվեր։ Հայաստանի գլխին ծածանվում էր կրթության սեւ դրոշը, որը մթագնած գլուխները ծածանում էին նույնիսկ ազգային տոներին՝ դրանք լցնելով հայրենասիրության կեղծ նոտաներով։ Ոչ մի խնդիր։ Սակայն ինչե՜ր էին կատարվում օրը ցերեկով։ Կրթություն ու գիտություն ուղղակի չկար, որպեսզի հնարավոր լիներ խոսել դրանց մեջ թերացողների կամ այն սաբոտաժի ենթարկողների մասին։ Ուսուցիչները հանրապետականանում էին ոչ թե լավ ապրելու, այլ ավելի վատ չապրելու համար։ Եվ ու՞ր էր գնում այդ Հայաստանը, նույնիսկ այսօր չգիտեն դաշնակցականները։