26.11.2019 19:28

Լիզա Ճաղարյան. Քոչարյանի փաստաբաններին՝ սրտիկ

Լիզա Ճաղարյան. Քոչարյանի փաստաբաններին՝ սրտիկ

Ես Հայաստանի սովորական, ամենասովորական այն հարյուրհազարավոր քաղաքացիներից մեկն եմ, որ երկար տարիներ սպասել է այն օրվան, թե երբ է հատկապես եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին տեսնելու բանտախցում փակված։

Թե ինչու էր Քոչարյանի ազատազրկումն իմ կյանքի կարեւորագույն ցանկություններից մեկը, պատասխանը փնտրեք մեղադրյալի իշխանավարության տարիների մի քանի տասնյակ քաղաքական սպանությունների եւ «ինքնասպանությունների», Պողոս Պողոսյանի հրապարակային սպանության, Հոկտեմբերի 27-ի նախճիրի, Մարտի 1-ի արյունահեղության եւ հարյուրավոր անմեղ մարդկանց բանտախցերում փակելու, Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերի տակ ճզմված ճակատագրերի, «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Հայաստանի ռազմավարական նշանակության ձեռնարկությունները Ռուսաստանին հանձնելու, Հայաստան պետությունը «ֆորպոստի» կարգավիճակի հասցնելու, Արցախը վերաբնակեցնելու ծրագրի փոխարեն՝ Արցախից Հայաստան արցախցիների հոսքը քաջալերելու, Հայաստանի քաղաքացիների մի ծանրակշիռ հատվածի «հինգհազարանոց» ճորտերի վերածելու, «հաջողակ բիզնեսի» անվան տակ Հայաստանում կատաղի թալան սանձազերծելու, նորանկախ Հայաստանի պատմությունը նեռաբարո կեղծելու, ամեն քայլափոխի Սահմանադրությունը ոտնահարելու, իր նմանակին Հայաստանի գլխին նստեցնելու եւ բազմաթիվ այլ չարագործությունների խորքերում։

Գիտակցում եմ, որ իմ  եւ, վստահ եմ, հարյուրհազարավոր ՀՀ սովորական, ամենասովորական քաղաքացիների գոհունակությունը մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ընտրած ռազմավարության նկատմամբ՝ եսասիրական կեցվածք կարող է թվալ Մարտի 1-ի տուժողների եւ նրանց շահերի պաշտպանների ու մեղադրանք ներկայացրած դատախազների նկատմամբ, բայց նաեւ գիտեմ, որ նրանք ներողամիտ կգտնվեն իմ եւ հարյուրհազարավոր ՀՀ քաղաքացիների այս հասկանալի եւ մարդկային «թուլության» նկատմամբ։

Եվ այսպես՝ ամփոփեմ։

Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի շատ հարգարժան փաստաբաններ, ես եւ, վստահ եմ, Հայաստանի հարյուրհազարավոր քաղաքացիները անչափ երախտապարտ ենք, որ դուք այդօրինակ նվիրումով եւ ջանասիրաբար՝ զանազան բացարկների ու ինքնաբացարկների միջոցով ամեն ինչ անում եք, որ չսկսվի բուն դատաքննությունը։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր դատաիրավական համակարգը դեռեւս շատ խոցելի է, եւ, ո՞վ իմանա, մեկ էլ տեսար՝ անկախ այն հանգամանքից, որ բուն դատաքննության ընթացքում հասարակությանը զարհուրեցնող բազմաթիվ հանցագործություններ ի հայտ կգան, ինչից էլ սարսափում է գլխավոր մեղադրյալը, բայցեւ բացառված չէ, որ իմ եւ հարյուրհազարավորների աչքի առաջ դատաքննությունն ընթանա ամենեւին էլ ո՛չ մեր ցանկացած ուղիով։

Այնպես որ, ինձ եւ ինձ նման Հայաստանի հարյուրհազարավոր քաղաքացիներին մեծ հաճույք է պատճառում ձեր ընտրած մարտավարությունը, շատ հարգելի փաստաբաններ։

Շարունակեք նույն ոգով։

Մեզ համար կարեւորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իր օրերը մթնեցնի բանտախցում։

Ինչքան երկար, այնքան լավ։

Լիահույս ենք, որ սպասվելիք բացարկների կամ ինքնաբացարկների միջնորդությունների անվերջանալի շարանն՝ անցած-գնացածների նման, հիմնավոր, բովանդակալից եւ երբեմն նաեւ զվարճալի կլինի։