26.11.2019 20:23

Մարտի 1-ը 10 հոգու սպանության գործ համարելը նույնն է, թե՝ Հոլոքոստի պատասխանատուները հայտնի չեն, քանզի չգիտենք՝ ով է պտտել գազի պտուտակը

Մարտի 1-ը 10 հոգու սպանության գործ համարելը նույնն է, թե՝ Հոլոքոստի պատասխանատուները հայտնի չեն, քանզի չգիտենք՝ ով է պտտել գազի պտուտակը

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրում է. 

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռ.Քոչարյանի թիմը բոլոր առիթներն օգտագործում է՝ շեշտելու, թե «գլխավոր հարցի» պատասխանը քննությունը դեռ չի տվել։ Որպես «գլխավոր հարց» հրամցվում է կոնկրետ սպանությունների հեղինակների բացահայտումը։ Քարոզչական այս հնարքի նպատակը, ըստ իս, ոչ այնքան քննչական մարմինների «վատ աշխատանքը» ցույց տալն է, որքան Ռ. Քոչարյանին մեղսագրվող արարքի մեղմացման տպավորություն ստեղծելը, այսինքն թե՝ ամբաստանյալին մեղսագրվող արարքն ինչ-որ «մանր-մունր» բան է, մինչդեռ «գլխավոր հարց» սպանությունների հարցը բաց է մնում։

Իրականում Ռ. Քոչարյանին մեղսագրվող արարքը (սահմանադրական կարգի տապալում) իր բնույթով հնարավոր ծանրագույն հանցագործությունն է։ Սահմանադրության միայն մեկ հոդված է ասում, որ այսինչ բանը (տվյալ դեպքում՝ իշխանության յուրացումը) հանցագործություն է։ Եվ Քոչարյանը մեղադրվում է հենց դրա համար։ Ուրիշ որևէ այլ հանցատեսակ սահմանադրի կողմից այնքան վտանգավոր չի դիտվել, որ դրա մասին նշվի Սահմանադրության մեջ, այն էլ՝ փոփոխման ոչ ենթակա հոդվածով։ Այսինքն, այդ իմաստով, նախկին գերագույն գլխավոր հրամանատարը մեղադրվում է գերագույն գլխավոր հանցագործությունը կատարելու մեջ։ Տասը քաղաքացու սպանություններն այդ հանցագործության հետևանք են, և տվյալ դեպքում Քոչարյանը «կնախընտրեր» մեղադրվել զուտ սպանությունների համար։

Իհարկե, կարևոր է նաև կոնկրետ մարդասպանների բացահայտումը. հրաման կատարելը ոչ մեկին պատժի կրումից չի ազատում, առավել ևս, որ խոսքը ոչ թե սովորական սպանության, այլ՝ հայկական պետականության վրա արձակված կրակոցի մասին է, որովհետև, ինչպես մարտի 1-ի իր ուղերձում նշել է վարչապետ Փաշինյանը, «մարդասպանը՝ ասենք, օրինակ, Դավիթ Պետրոսյանի վրա կրակելիս չի իմացել, որ նա հատկապես Դավիթ Պետրոսյանն է՝ ծնված 1974 թվականի ապրիլի 16-ին Երևան քաղաքում: Մարդասպանը չի իմացել, որ կրակում է Դավիթ Պետրոսյանի վրա, բայց հաստատ իմացել է, որ կրակում է ՀՀ քաղաքացու վրա: Հետևաբար, Մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է»:

Մարտի 1-ը 10 հոգու սպանության գործ համարելը նույնն է, թե հայտարարել, որ Հոլոքոստի պատասխանատուները հայտնի չեն, քանզի չգիտենք, թե կոնկրետ ով է պտտել գազի խցիկների պտուտակը։