Թրամփին հրավիրել են իմպիչմենտի հարցով լսումների

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը նախագահ Դոնալդ Թրամփին նամակ է ուղարկել՝ դեկտեմբերի 4-ին իմպիչմենտի գործընթացի շրջանակներում անցկացվող լսումներին մասնակցելու հրավերով: Նամակը հրապարակվել է հանձնաժողովի կայքում:
«Հանձնաժողովը սպասում է ձեր մասնակցությանը իմպիչմենտի գործընթացի շրջանակներում: Եթե դուք ցանկանում եք մասնակցել լսումներին, խնդրում եմ այդ մասին հաղորդել հնարավորինս շուտ»,- ասվում է նամակում:
Նադլերը նաև նշել է, որ նախագահի մասնակցությունը լսումներին ոչ թե իրավունք է, այլ արտոնություն և քաղաքավարության նշան կոնգրեսի կողմից:
Թրամփն ինքը չի բացառել, որ ցուցմունքներ կտա կոնգրեսում: Եթե նա մասնակցի լսումներին, ապա կարող է նաև հարցեր տալ վկաներին իմպիչմենտի գործընթացի շրջանակներում:
Երեքշաբթի Ֆլորիդայում ելույթ ունենալով իր համակիրների հանրահավաքում՝ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատների նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը ընդամենը կօգնի իրեն եկող տարի հաղթելու նախագահական ընտրություններում:
Փոխանցում է BBC-ն: