27.11.2019 12:00

Ադրբեջանի բանակում Հայաստանի օգտին աշխատող լրտեսների են փնտրում խոշտանգման միջոցով

Ադրբեջանի բանակում  Հայաստանի օգտին աշխատող լրտեսների են փնտրում խոշտանգման միջոցով

Խոշտանգումների տասնյակ զոհեր, դավաճանության մեջ մեղադրված 25 հոգի և կտտանքների արդյունքում ինը զոհ՝ այսպիսին է 2017 թ. ադրբեջանական բանակում Հայաստանի օգտին լրտեսության վերաբերյալ հետաքննության արդյունքը:

2017 թ. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պետանվտանգության ծառայությունը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով տեղեկացրել են Հայաստանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեջ մեղադրվող զինվորների ձերբակալության մասին:

Սա ամբողջ պաշտոնական լրատվությունն էր:

Զանգվածային խոշտանգումների մասին, որոնք տեղի էին ունենում 2017 թ. մայիսին ու հունիսին, հանրությունն սկսեց տեղեկանալ միայն 2019 թ., երբ կամաց-կամաց սկսեցին բացվել գործի մանրամասները:

Իրավապաշտպանների տվյալներով՝ 100-ից ավելի զինվորներ և սպաներ կտտանքների են ենթարկվել, 25-ը երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել, և առնվազն ինը հոգի մահացել է խոշտանգումների հետևանքով:

Ադրբեջանում այդ գործն անվանում են «Թերթերյան գործ»՝ այն շրջանի անունով, ուր զինվորներին տանում էին հարցաքննության:

Տեղացի իրավապաշտպանները բազմիցս հայտարարել են, որ խոշտանգումը սովորական գործելակերպ է Ադրբեջանում: Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները 2004 թվականից Ադրբեջան են այցելել վեց անգամ: Անցյալ տարի հանձնաժողովը եզրակացրել է, որ «խոշտանգումները և դաժան վերաբերմունքի այլ դրսևորումներ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, բանակի կողմից, պարբերական բնույթ են կրում, լայնորեն տարածված են և արմատախիլ չեն արվում»:

Փոխանցում է BBC-ն: