27.11.2019 12:44

Թալանվել է Դրեզդենի գանձարանը

Թալանվել է Դրեզդենի գանձարանը

Երկուշաբթի օրը լուսաբացին գողերը թափանցել են Դրեզդենի Grünes Gewölbe («Կանաչ կամարներ») գանձարանը, որտեղ պահվում է ոսկերչական իրերի ու թանկարժեք զարդերի՝ Եվրոպայում ամենամեծ հավաքածուն:

Ըստ երևույթին՝ սա ժամանակակից պատմության ընթացքում ոսկերչական իրերի պահոցի ամենախոշոր թալանն է:

Հանցագործները գողացել են ադամանդներով, շափյուղաներով զմրուխտներով և ռուբիններով զարդերի երեք հավաքածու, որոնցից յուրաքանչյուրում եղել է 37 իր:

Bild-ի տվյալներով՝ գողացվել են մեկ միլիարդ եվրո արժողությամբ ադամանդներ, սակայն Դրեզդենի պետական թանգարանների վարչության ղեկավար Մարիոն Աքերմանը չի կարողացել նշել գողոնի արժեքը: «Անհետացել է ադամանդի տասը հավաքածուներից երեքը: Դրանք անգին են, նրանց արժեքը թվերով հնարավոր չէ արտահայտել»,- ասել է նա:

Աքերմանը նաև նշել է, որ այդ իրերը օրինական շուկայում անհնար է վաճառել, քանի որ դրանք շատ հայտնի են:

Փոխանցում է BBC-ն: