27.11.2019 15:10

Ինչո՞ւ է ԼՂՀ նախկին վարչապետը խեղաթյուրում փաստերը

Ինչո՞ւ է ԼՂՀ նախկին վարչապետը խեղաթյուրում փաստերը

ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն օրերս մի ծավալուն հարցազրույց է տվել «Փաստինֆո»-ին, որտեղ խոսել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններից: Քննադատելով Հայաստանի ներկայիս իշխանությունների վարքը բանակցային գործընթացի համատեքստում՝ Դանիելյանը փորձ է անում հանդես գալ որպես լուրջ փորձագետ, հարցի գիտակ, եւ, այսպես ասած, «վերեւից» է խոսում ներկայում տեղի ունեցող գործընթացների մասին:

Այստեղ ոչ մի արտառոց բան չէր լինի, եթե այդ հարցազրույցում Դանիելյանը իր հայտարարությունները «հիմնավորելու» համար չներկայացներ կեղծ փաստեր:

Մասնավորապես, հիմնավորելու համար իր քննադատությունը ներկաների մասին՝ Դանիելյանը հայտարարում է. «Եթե հիշում եք, այն ժամանակ՝ 1994, 95, 96 թվականներին այսպիսի մի առաջարկություն կար՝ ընդհանուր պետություն Ադրբեջանի հետ։ Ի՞նչ, մենք վերադառնում ենք այդ ժամանակնե՞րը կամ Ադրբեջանի կազմում շատ բարձր ինքնավարությունը, դա էր զրո կետը: ….. Ես արդեն ասացի այն ընդհանուր պետության գաղափարի, Ադրբեջանի կազմում  ինքնավար հանրապետության խայտառակ առաջարկների մասին։ Սրանք պաշտոնական առաջարկներ էին, որոնք  նույնիսկ գրավոր ֆիքսվել են թղթի վրա»:

Եւ ուրեմն, ըստ Անուշավան Դանիելյանի՝ մենք այսօր վերադառնում ենք մի վիճակի, որը նման է «Ընդհանուր Պետության» տարբերակին, եւ որը «ներկայացվել է 1994-95-96 թվականներին»: Հենց սա էլ փաստերի խեղաթյուրումն է, որովհետեւ, մի կողմից, Դանիելյանն իրավացի է այդ տարբերակի վերաբերյալ իր քննադատության հարցում (որովհետեւ այն իրապես խայտառակ տարբերակ էր, քանի որ դա միակ տարբերակն էր, որով դե յուրե կոչվելով Ընդհանուր պետություն՝ այն դե ֆակտո նշանակում էր ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի շուրջ բոլոր տարածքների, այլեւ բուն նախկին ԼՂԻՄ-ի տարածքների վերադարձ Ադրբեջանին), մյուս կողմից, սակայն, Դանիելյանը սխալ է նշում այդ տարբերակի ներկայացման տարեթիվը:

Այո, այդպիսի տարբերակ եղել է, տարբերակի գոյության մասին խոսել են թե՛ պաշտոնական Ստեփանակերտը, թե՛ Երեւանը: Բայց ամբողջ հարցն այն է, որ տարբերակը ներկայացվել է 1998 թվականին:

Փաստաթուղթը, որի հեղինակ է համարվում ՌԴ նախկին արտգործնախարար Պրիմակովը, Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում երեք կողմերին է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նոյեմբերի 10-11-ը կայացած տարածաշրջան հերթական այցի ժամանակ: Իմիջիայլոց, սա վերջին փաստաթուղթն էր, որը պաշտոնապես ներկայացվել է եռակողմ ֆորմատով:

1998-ի նոյեմբերին Հայաստանում արդեն նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը (նույն թվականի մարտից), ԼՂՀ նախագահը՝ Արկադի Ղուկասյանը (1997-2007 թթ.):

Երեւանը որոշ, Ստեփանակերտը՝ լուրջ վերապահումներով համաձայնել էր փաստաթուղթն ընդունել որպես բանակցային հիմք, Ադրբեջանը մերժել էր այն:

Անուշավան Դանիելյանը 1999 թվականից մինչեւ 2007-ը որպես վարչապետ պաշտոնավարել է Արկադի Ղուկասյանի կառավարությունում, եւ այդ ժամանակ երբեւէ (գոնե հրապարակավ) չի քննադատել ոչ «Ընդհանուր պետություն» տարբերակը, ոչ էլ, առավելեւս,Հայաստանի եւ Արցախի իշխանություններին՝ այդ տարբերակը քննարկելու համար: Մի քիչ դժվար է պատկերացնել, թե 8 տարի Ղուկասյանի օրոք վարչապետ աշխատած մարդն այդպես էլ իմացած չլիներ, թե իր նշանակումից մի տարի առաջ ինչ փաստաթուղթ է եղել սեղանին, եւ ով ինչպիսի դիրքորոշում է ունեցել դրա վերաբերյալ:

Բայց փաստն այն է, որ այսօր Անուշավան Դանիելյանը խոսում է այդ տարբերակի մասին եւ դրան վերագրում այլ տարեթվեր: Ինչից կարող ենք երկու եզրահանգում անել. կամ Դանիելյանը, որքան էլ փորձում է ներկայանալ որպես գիտակ մարդ, իրականում մակերեսային պատկերացումներ ունի բանակցային գործընթացի մասին, կամ, եթե իրոք գիտակ է, ապա միտումնավոր խեղաթյուրում է փաստերը՝ ինչ-ինչ քաղաքական նպատակներ հետապնդելով:

Հ.Գ. Պարոն Դանիելյանի հիշողությունը թարմացնելու համար մի քանի մեջբերումներ՝ «Ընդհանուր պետություն» տարբերակի մասին:

Հատված Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունից՝ Քոչարյանի կառավարման տարիներին քննարկված տարբերակի վերաբերյալ. «….Եղան բանակցային տարբեր փուլեր ու փաթեթներ, որոնք մե՛կ ընդհանուր պետություն հորջորջվեցին, մե՛կ՝ Քիվեստյան պայմանավորվածություն, մե՛կ Փարիզյան սկզբունքներ կոչվեցին, մեկ` Մադրիդյան, սակայն չեղավ  ոչ մի պայմանավորվածություն, որը կնվաստացներ Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի հաղթանակի դերն ու արժեքը» (12.09. 2011):

Իսկ այս նյութում ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը մանրամասն պատմում է, թե ինչպես 1998-ին Հայաստանի պատվիրակությանը կանչեցին Մոսկվա, ինչպես հանդիպեցին «Ընդհանուր պետություն» տարբերակի հեղինակ Պրիմակովին, եւ թե ինչպես առաջարկը լսելուց հետո ինքը Պրիմակովին ասաց, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է կիրառել ոչ կոնվենցիոնալ մոտեցումներ, ընդունելի կլիներ փաստացիորեն` de facto անկախ, իրավականորեն` de jure ոչ Ադրբեջանի կազմում կարգավիճակը, եւ այդ առումով արժե մտածել մերձդնեստրյան հակամարտության պարագայում առաջարկվող «ընդհանուր պետության» մեկ այլ տարբերակը կիրառելու մասին, որը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հորիզոնական հարաբերություններ կապահովի»: