27.11.2019 15:56

Politis. Կիպրոսի իշխանությունները Դերիպասկային կզրկեն քաղաքացիությունից

Politis. Կիպրոսի իշխանությունները Դերիպասկային կզրկեն քաղաքացիությունից

Ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկան այն ռուսաստանցիների թվում է, որոնց Կիպրոսի իշխանությունները որոշել են զրկել քաղաքացիությունից, հաղորդում է Politis պարբերականը:

26 անուն պարունակող ցուցակում են հայտնվել Օլեգ Դերիպասկան և նրա որդին ու դուստրը:

Նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Կիպրոսի կառավարությունը որոշել է ներդրումների դիմաց տրված «ոսկե անձնագրերը» ետ վերցնել ինը ռուսաստանցիներից, որոնք այդ անձնագրերն ստացել էին ապօրինաբար: Որոշումը կայացրել էր հանրապետության ներքին գործերի նախարար Կանստանտինոս Պետրիդիսը:

«Ոսկե անձնագրերից» զրկվեցին նաև Կամբոջայի, Չինաստանի, Քենիայի, Իրանի և Մալայզիայի քաղաքացիները: Cyprus Times թերթի տվյալներով՝ չեղարկված անձնագրերի թիվը կմեծանա:

Ներդրումների դիմաց՝ «ոսկե անձնագրերի» ծրագիրը Կիպրոսում գործում է 2013 թվականից: Մինչև հիմա քաղաքացիություն է ստացել մոտավորապես երկու հազար մարդ՝ չհաշված նրանց ընտանիքի անդամներին:

Պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում ինչպես են վերաբերվում Դերիպասկային Կիպրոսի քաղաքացիությունից զրկելու մասին լուրին, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է. «Դա Կիպրոսի ներքին գործն է, այսինքն՝ դա վերաբերում է Կիպրոսին և Դերիպասկային: Դա Կրեմլին չի վերաբերում»:

Փոխանցում է ria.ru-ն: