28.11.2019 13:00

ՉԺՀ-ն պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի ընդունած օրենքի դեմ

ՉԺՀ-ն պատասխան քայլեր կձեռնարկի  ԱՄՆ-ի ընդունած օրենքի դեմ

Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ կարող է համապատասխան հակաքայլեր ձեռնարկել՝ ի պատասխան «Հոնկոնգում մարդու իրվունքների և դեմոկրատիայի մասին» օրենքի ընդունման, և դրանց հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի ամերիկյան կողմի ուսերին, հինգշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն:

«Մենք ամերիկյան կողմին կոչ ենք անում չհամառել, հակառակ դեպքում չինական կողմը հակազդեցության վճռական քայլեր կձեռնարկի, և դրա հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կկրի ԱՄՆ-ը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Հայտարարությունում նշվում է, որ Հոնկոնգին վերաբերող նոր օրենքները «լուրջ միջամտություն են Հոնկոնգի գործերին, լուրջ միջամտություն են Չինաստանի ներքին գործերին, կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, դա անթաքույց գերիշխանություն է, ինչի դեմ վճռականորեն հանդես են գալիս Չինաստանի կառավարությունը և ժողովուրդը:

Մենք ամերիկյան կողմին հայտարարում ենք՝ Հոնկոնգը չինական Հոնկոնգն է, և Հոնկոնգի բոլոր գործերը բացառապես Չինաստանի գործերն են, ցանկացած օտարերկրյա կառավարություն կամ ուժեր իրավունք չունեն միջամտելու այդ գործերին»,- ընդգծել է Չինաստանի ԱԳՆ-ն:

Փոխանցում է Interfax-ը: