28.11.2019 17:46

Լիզա Ճաղարյան. «Ամեն դեպքում» էս էդ դեպքը չի, պարոն Մարուքյան

Լիզա Ճաղարյան. «Ամեն դեպքում» էս էդ դեպքը չի, պարոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «չի կարծում», որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար հետախուզվող Անահիտ Ֆարմանյանի քրգործը «...էն մի ահասարսուռ դեպքերից է, բայց ամեն դեպքում»:

Բայց ամեն դեպքում չմոռանանք, որ Էդմոն Մարուքյանը ոչ միայն ԱԺ պատգամավոր է, միաժամանակ նաեւ իրավաբան է, եւ երբ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ միասին դիմում էր համապատասխան մարմիններին՝ երաշխավորելով, որ Անահիտ Ֆարմանյանը չի խուսափելու քննությունից, ուրեմն՝ պարզորոշ գիտակցում էր, որ իրենց երաշխավորագրի հիմքում «թոռնատեր» Անահիտ Ֆարմանյանի բարոյական հատկանիշներն են։ Այսինքն, Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը վստահ են եղել, որ մեղադրյալ եւ այժմ հետախուզվող Անահիտ Ֆարմանյանն առնվազն այնքան երախտապարտ կլինի այս երկու շատ բարի մարդկանց, որ նրանց «լավությունը ջուրը չի գցի»։

Եվ հիմա, երբ ՀՔԾ-ն բացատրություն է պահանջել երաշխավորողներից, առնվազն տարօրինակ է, որ իրավաբան Էդմոն Մարուքյանը փորձում է չքմեղանալ՝ մեղադրելով իրավապահ մարմիններին. «Օրենսդրությունը պիտի այնպիսին լինի, որ երբ որ մարդը մեղադրյալ է ներգրավված և տվել է ստորագրություն չհեռանալու վերաբերյալ, կամ երաշխավոր կա, կամ գրավ է վճարված, էական չի, նա չպիտի անձնագիրը իր ձեռքում ունենա, ՍԷԿՏ-ն էլ՝ բաց, որ երբ ուզենա՝ երկրից գնա»:

Եթե նման բան ասողը նկարիչ կամ ատաղձագործ լիներ, այսինքն՝ իրավաբանությունից շատ հեռու որեւէ մեկը, գուցեեւ կարելի էր քմծիծաղել ու անցնել-գնալ։

Բայց Էդմոն Մարուքյանն իրավաբան է։ Եվ հնարավոր չէ չտարակուսել, թե օրենսդրությունն «այնպիսին» չի, «անձնագիրը իր ձեռքում» պետք է լիներ, թե գրպանում, թե քննիչի դարակում, ՍէԿՏ-ն էլ բաց է, թե փակ, ի՞նչ աղերս ունեն նշված երկու պատգամավորների երաշխավորագրի հետ, կամ որտեղի՞ց գիտի պարոն Մարուքյանը, որ Անահիտ Ֆարմանյանը «գնացել է», գուցե թաքնված է Սամվել Ֆարմանյանի կամ իր հարազատներից մեկի ներքնահարկու՞մ։

Ամեն դեպքում կրկին միասին հիշենք, որ պարոն Մարուքյանը եւ տիկին Զոհրաբյանը երաշխավորել են, ինչպես Մարուքյանն է պատմում «Ազատություն» ռադիոկայանին, որովհետեւ իրենց խնդրել է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, եւ իրենց ջերմ հոգիներն էլ հալվել-մաշվել են, որովհետեւ Անահիտ Ֆարմանյանը թոռնատեր է։ Այսինքն, նրանց երաշխավորության հիմքում վստահությունն է ՀՀԿ-ական Սամվելի եւ նրա թոռնատեր քրոջ նկատմամբ, ոչ թե երաշխավորել են՝ հուսալով, որ իրենց երաշխավորությունից հետո իրավապահ մարմինները 24-ժամյա հերթապահություն են սահմանելու մեղադրյալի տան դռանը։

Նման անհեթեթությանը հակադարձելու գայթակղությանը դժվար է դիմանալ. եթե երաշխավորողները վստահ չէին, որ մեղադրյալը չի խուսափի քննությունից, գուցե հենց իրենք էլ ստանձնեի՞ն մեղադրյալի պահակի դերը «ամեն դեպքում»։

Իսկ գուցե Մարուքյանն ու Զոհրաբյանը երաշխավորել են՝ վստահ լինելով, որ Անահիտ Ֆարմանյանը կխուսափի քննությունից, եւ ՀՔԾ-ն էլ երաշխավորողներին բարեկամաբար կճանապարհի՝ առանց պատասխանատվության ենթարկելու, արդյունքում էլ՝ ե՛ւ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյա՞նը երախտապարտ կլինի, ե՛ւ մեղադրյալ Անահիտ Ֆարմանյա՞նը։ Մանավանդ որ՝ սա «էն մի ահասարսուռ դեպքերից» չի։

Խառը ժամանակներ են, մեկ էլ տեսար՝ մի օր նրանց երախտահատուցման կարիքը զգացվի։

Վարկած է, էլի՛, ամեն դեպքում։