29.11.2019 12:11

Արսեն Գրիգորյան. «Բիզնես պրոյեկտների» վախճանաբանությունը

Արսեն Գրիգորյան. «Բիզնես պրոյեկտների» վախճանաբանությունը

«Ընդդիմադիր» լինելը Հայաստանում դառնում է Հիպոկրատի գլխարկի նման ծանր մի բան։ Եվ էդ ծանրության պատճառով է, որ «ընդդիմադիրները» որոշել են նախապատրաստական բոլոր աշխատանքները թողնել մի կողմ ու միանգամից անցնել իրենց խուճապից բոլոլա ստեղծելուն։

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Հայաստանից հեռու մի ապահով վայրում խոսում է հետապնդումից, իր հետապնդումից եւ իր հետ առնչություն ունեցողների հետապնդումից։ Եվ ավետում է՝ ոչինչ չեն գտել։ Այսինքն, առանց օպերատիվ տեղեկությունների՞ են գնացել «իր հետ առնչություն ունեցողների մոտ»։ Ուրեմն ոչինչ չեն փնտրել։ Ճիշտ այդպես ոչնչից Ղարաբաղի հարց են ուզում ստանալ դաշնակցականները։ Գրողը տանի, ընդդիմադիր լինելու օրակարգ չկա։

Հետաքրքիր վիճակ է Հայաստանում։ Այստեղ աղմկում է անցյալը, մինչդեռ ոչ ոք ցանկություն չունի հետ նայելու եւ հիշելու, թե որտեղ էինք։ Պետք է ազնիվ լինել եւ ընդունել, որ մեր աղմկարարները չեն հաշտվում ոչ թե քաղաքական կառավարումից դուրս մնալու, այլ իրենց «ծերության» հետ։ Նրանք չեն հաշտվում, որ այդպես էլ ոչինչ չհասկացան քաղաքականությունից, որը ծեր ու ջահել չի հարցնում։ Եթե քաղաքական կերպար ես, միշտ ներկա ես, միշտ տարիքից անդին։ Վազգեն Մանուկյանի «թայֆան» տեքստ չունեցողի բնազդով է կռվում։ Ու զվարճալին այն է, որ նրանց հետ ոչ ոք կռիվ չունի։ Նրանց միակ «քաղաքական» դիվիդենտը աղմկալի քրեական պատմության մեջ խառնված չլինելն է, որում թաթախված է ռոբասերժական իշխանության դեմքերի մեծ մասը։ Իրենք, ի տարբերություն գողացողների, բիզնես են սարքել քաղաքական կերպար լինելը։ Հենց այդպես էլ 2008-ին առաջադրվում էին նախագահի թեկնածու, փոխանակ ժողովրդի թեկնածուի կողքը կանգնեին եւ փրկեին իրենց կերպարը։ Չէ, նրանք որոշեցին բիզնես անել։ Պաշտոնը նրանց տրվում էր իբրեւ «բիզնես պրոյեկտ»։ Ո՞վ սա չգիտեր։

Բայց սա նշանակում է, որ մենք գործ ունենք սկզբունքներ չունեցող մարդկանց հետ, որոնք աշխուժակ են հենց «բիզնես պրոյեկտների» մեջ։ Կառաջարկվի՞ նրանց ինչ-որ մի բան, Աստված գիտի։ Բայց ջրի երեսին մնալու գինը հաստատ քաղաքականությունը չէ, նրանք փնտրում են նոր Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի։ Եվ այսպես կոչված՝ «քաղաքական» հարթակի իմաստն էլ է դա։ Բայց Հայաստանում այդպիսի պրոյեկտների ժամանակն ավարտվել է. կա՛մ զբաղվում ես քաղաքականությամբ, նշանակում է՝ առաջարկում ես քաղաքական խոսք, կա՛մ գնում ես վաստակած թոշակի։ Սա Միքայել Մինասյանին էլ է վերաբերում։

Անկասկած, նրանց հանդեպ մենք կարող էինք ունենալ կարեկցանքի զգացում, սակայն դրանով նրանց չէինք կերակրի, քանի որ կարեկցանքը քվե չի դառնում։ Քաղաքականության մեջ ընդունված չէ կարեկցանքը դարձնել փող։ Որովհետեւ մի ամբողջ հասարակություն չի կարող քաղաքականությունից ոչինչ չհասկացողին տիրություն անել այն ժամանակ, երբ նա կորցրել է այդ հասարակությանը սոված պահելու հաշվին նրան կերակրողին։ Ուստի համահարթեցված ծերուկի կերպարը նրա գոյության միակ երաշխիքն է։ Օրենքն է նրան թոշակ երաշխավորում։ Ի դեպ, այդ նույն հասարակության օգնությամբ։ Բայց արդեն առանց նրան սոված թողնելու։