29.11.2019 13:16

Թրամփն անակնկալ կերպով Աֆղանստան է ժամանել Գոհաբանության տոնին

Թրամփն անակնկալ կերպով Աֆղանստան է ժամանել Գոհաբանության տոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան, որպեսզի հանդիպի ծառայությունն այդ երկրում անցկացնող ամերիկացի զինվորականների հետ և նրանց շնորհավորի Գոհաբանության օրվա կապակցությամբ:

Սա Թրամփի առաջին այցն է Աֆղանստան:

ԱՄՆ նախագահը նաև հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ: Հանդիպումից հետո նա լրագրողներին հայտարարել է, որ «Թալիբան» շարժումը ցանկանում է հաշտություն կնքել:

«Մենք նրանց հետ հանդիպում ենք, և մենք ասում ենք, որ դա պետք է արվի կրակը դադարեցնելու միջոցով: Նրանք չէին ուզում դադարեցնել կրակը: Հիմա ուզում են: Եվ ես հավատում եմ, որ դա կաշխատի»,- ասել է Թրամփը:

Թրամփի այցից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ը և թալիբները պայմանավորվել էին գերիների փոխանակման վերաբերյալ: Մեկնաբանների կարծիքով՝ դա կարող է նպաստել, որ զինադադարի բանակցությունները վերսկսվեն:

Աֆղանստան կատարած այցի ընթացքում Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը զգալիորեն կրճատելու է  իր ռազմական ներկայությունն այդ երկրում, սակայն մանրամասներ չի հաղորդել:

Փոխանցում է BBC-ն: