29.11.2019 14:02

Հիմա դուք գեներա՞լ եք, թե՞ գողական

Հիմա դուք գեներա՞լ եք, թե՞  գողական
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

2013 թվականին նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը մի այսպիսի հայտարարություն էր արել. «Զանգում են իմ տեղակալին, առաջին տեղակալին, զանգում են պատգամավորներ, պաշտոնյա անձինք, որոնք ասում են` էդ տղեքին մի տարեք- բերեք, իրենք լավ տղեք են, բանավոր կասեն, բայց չգրեն էլի, մի տեսակ ամոթ ա, էլի: Եվ իմ խոսքն է եղել` հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական»:

Այս արտահայտությունը հիշելու առիթը մեկ այլ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանի հարցազրույցն էր: Վերջինս, հիշեցնենք, որպես մեղադրյալ՝ անցնում Մարտի 1-ի գործով:

Ու ահա, այդ թեմային անդրադառնալով՝ նախկին ոստիկանապետը, մարդ, որ իր ուսերին իրավապահ համակարգի գեներալի ուսադիներներ է կրել, հայտարարում է, որ ինքը չի պատրաստվում ցուցմունք տալ, որովհետեւ. «Ես ցուցմունք տվող չեմ, դա բացառված բան է»:

Իհարկե, Սարգսյանն այդպիսի արտահայտություն արել է Քոչարյանի դեմ ցուցմունք տալու հարցին ի պատասխան, բայց, փաստորեն, ենթագիտակցաբար պատասխանի մեջ «սպրդեցրել» է այդ արտահայտությունը, որ ինքը ցուցմունք տվող չի, այսինքն՝ ոչ թե ինքը կեղծ ցուցմունք տվող չի, ոչ թե ինքը ցուցմունք չի տա մի բանի մասին, որը չի եղել եւ այլն, եւ այսպես շարունակ, այլ որ ինքը ցուցմունք տվող չէ:

Այս ամբողջ հարցազրույցի մեխը, կարելի է ասել, հենց այս միտքն է՝ «ես ցուցմունք տվող չեմ»:

Մարդը, որը երկար տարիներ ղեկավարել է իրավապահ համակարգը, գեներալ մարդը, փաստորեն, սարսափում է այն մտքից, որ ինքը կարող է ցուցմունք տալ, ոչ թե կեղծ ցուցմունք, այլ՝ ցուցմունք, փաստորեն ենթագիտակցորեն ցուցմունք տալը համարում է սարսափելի մեղք, մի աններելի հանցանք:

Բայց այդպես, ինչպես գիտենք, չեն կարող մտածել նորմալ քաղաքացիները, եւ առավելեւս՝ իրավապահ համակարգի հետ առնչություն ունեցող կամ ունեցած անձինք, որոնց գործունեության ամբողջ նպատակը պիտի որ հանցագործությունների բացահայտումը լինի:

Իսկ ցուցմունք տալը կամ «գրելը» մեղք համարում են միայն նրանք, ովքեր գործում են օրենքից դուրս, իրավապահների հակադիր կողմում, այսպես ասած՝ «գողականները»:  Բայց այդ ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանում թե՛ գողականը կարող է ցուցմունք տալը ամոթ բան համարել, թե՛ ոստիկանության գեներալը: Ու այս մարդուն տարիներով վստահվել էր իրավապահ համակա՞րգը, այսպիսի մտածողությամբ մարդը պիտի հանցագործություննե՞ր բացահայտեր, ինչպե՞ս կամ ո՞ւմ կատարած հանցագործությունները պիտի բացահայտեր, եթե ինքը «ցուցմունք տվող չէ», բա այսքանից հետո այդ մարդուն ինչպե՞ս հարց չտալ նույն Գասպարյանի խոսքերով՝ «հիմա դու գեներա՞լ ես, թե՞ գողական»:

Ի դեպ, վեջերս համացանցում մի տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են ոստիկանները խոշտանգումներով ցուցմունք կորզում քաղաքացուց: Ոստիկանության համակարգում երկար տարիներ աշխատած Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, թե այդ տեսանյութը ինքն է տրամադրել այն հրապարակած անձանց: Տեսանյութի հետքերով գործ հարուցվեց:

Ոստիկանությունն օրերս հաղորդագրություն  տարածեց գործի մասին՝ նշելով, որ տեսագրությունն արվել է շուրջ տասը տարի առաջ: Ալիկ Սարգսյանը որպես ոստիկանապետ պաշտոնավարել է մինչեւ 2011 թվականը: Ստացվում է, որ դեպքը իր պաշտոնավարման օրոք է տեղի ունեցել: Փաստորեն, Սարգսյանը «գրելուն» դեմ է, իսկ ահա ցուցմունք, նրա պատկերացմամբ, այսպես պետք է կորզել:

Պարգեւ Ապրեսյան