29.11.2019 19:38

Ատելության քարոզը եւ հնօրյա ու մերօրյա փանջունիները

Ատելության քարոզը եւ հնօրյա ու մերօրյա փանջունիները

Իշխանության դեմ այսօր տարվող քարոզչության մեջ, որքան էլ արտաքնապես բազմաբնույթ, առանցքայինը «ատելության քարոզի» ու դրանով «հասարակությունը պառակտելու» մեղադրանքն է։ Հասարակությունը պառակտելն էլ մեր դեպքում առավել վտանգավոր է, քանի որ երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում։

Արտաքուստ ամեն ինչ ճիշտ է, եթե ամեն ինչ համապատասխաներ իրականությանը։

Ո՞րն է համարվում ատելության քարոզ։ Այդպիսին են համարվում հայոց պատմության մեջ աննախադեպ մի ոճրագործության՝ Մարտի 1-ի բացահայտման հետ կապված ջանքերն ու գործողություննե՞րը։ Այդպիսին են գնահատվում նախորդ իշխանության ակնհայտ կոռումպացված հարյուրավորներից ընդամենը մի քանիսի դեմ հարուցված քրեական գործե՞րը։

Ո՞րն է համարվում «հասարակության պառակտում»։ Հասարակության այդ ո՞ր մասն է Մարտի 1-ի  ոճրագործության կամ սահմանադրական կարգը տապալելու համար պատասխանատու. պատասխանատվության կանչվածները դեռ անգամ մեկ տասնյակ չկան։ Հասարակության այդ ո՞ր մասն է պատասխանատու նախկին կոռուպցիոն համակարգի համար։ Կարծես թե դեռ մեկ տասնյակից ավելի անուններ չեն շրջանառվում։ Եւ այս պարզ թվաբանությամբ (մի կողմում՝ երկու-երեք տասնյակ, մյուս կողմում՝ երկու-երեք միլիոն) հօդս է ցնդում «հասարակության պառակտման» մեղադրանքը։

Սակայն ոչ թե արտաքուստ, այլ իրականում, իրոք, ծանր հետեւանքներով հղի հանցանք է ատելության քարոզը եւ հասարակության պառակտումը, անգամ խաղաղ, առավել եւս՝ կիսապատերազմական, տասնապատիկ ավելի՝ պատերազմական պայմաններում։

Իսկ ոչ վաղ անցյալի մեր պատմությունն ունի հանցավոր այսօրինակ գործունեության՝ ատելության քարոզի եւ հասարակության պառակտման անմնացորդ ջանքի փայլուն օրինակը, եւ այն էլ՝ լայնածավալ պատերազմական պայմաններում, 1992-1994 թվականներին՝ իրականացված հենց նրանց կողմից, ովքեր այսօր «ահազանգն» են հնչեցնում։ Պատերազմը չհայտարարված էր (պաշտոնապես՝ Ադրբեջանի դեմ կռվում էին Արցախի «տեղական զինված կազմավորումները»), ուստիեւ՝ Հայաստանում չէին կարող հաստատվել ու գործել պատերազմական օրենքներ։ Եւ, օգտվելով մամուլի, հավաքների բացարձակ ազատությունից, պատերազմող երկրում ամենօրյա հանրահավաքներ ու ցույցեր էին տեղի ունենում, ամենօրյա երթեր նախագահական նստավայր՝ Հանրապետության նախագահի հրաժարականի պահանջով։ Թերթեք այդ տարիների ընդդիմադիր մամուլը եւ կտեսնեք, թե ինչպես է լինում ատելության քարոզն ու հասարակության պառակտումը։

Ծայրահեղ դեպքերում է, որ բարձր մտավորականությունը ներքաղաքական որեւէ խնդրի շուրջ իր ձայնը բարձրացնում է, եւ այն էլ՝ ոչ թե անհատապես, այլ միասնական։ Ստորեւ ներկայացնում ենք հայ մտավորականության ամենաճանաչված ներկայացուցիչների բուռն զայրույթն ու բողոքն արտահայտող, «Խոսք հայրենակիցներին» վերնագրով մի փաստաթուղթ, որը հրապարակվել է 1993 թվականին «Հայաստանի Հանրապետություն» թերթում։ Այն ծնվել է, երբ Ղարաբաղյան պատերազմի ամնածանր շրջանում վտանգավոր չափերի էր հասել իրական ատելության քարոզը՝ իրոք սպառնալով պատերազմական պայմաններում գտնվող երկրի հասարակության պառակտմանը, ինչի հետեւանքները շատ ծանր կարող էին լինել, ընդհուպ՝ Ղարաբաղի կորուստը։

iLur.am

 

 

ԽՈՍՔ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

«Հայաստանի Հանրապետություն» (05 մարտի, 1993թ.)

Մենք դիմում ենք ձեզ, քանի որ խիստ մտահոգիչ է դառնում հանրապետությունում տիրող բարոյական մթնոլորտը։

Ինչ-ինչ ուժերի կողմից հետեւողականորեն տարվում է ազգային ուժերի ջլատման ու պառակտման քաղաքականություն, որը հատկապես ուժգնանում է, երբ ռազմաճակատում սրվում է իրադրությունը, եւ ավելի սպառնալի է դառնում հանրապետության տնտեսական շրջափակումը՝ միտինգները, ցույցերը եւ որոշ թերթերի աղմկոտ ու անարդար ելույթները ուժեղացնում են հատկապես ղարաբաղյան վերջին մարտերի ծավալման եւ գազատարի պայթեցումների ժամանակ։

Մենք բոլորս պատասխանատու ենք պատմության առջեւ, մեր ամեն օրվա առջեւ, յուրաքանչյուր ընկած ազատամարտիկի առջեւ։

Սակայն որոշ ուժեր, դժվարագույն պահերին ազգային համախմբման գնալու փոխարեն, առանց միջոցների միջեւ խտրություն դնելու, փորձում են երկրում ստեղծել քաոս եւ անիշխանություն։ Այս երեւույթը նոր չէ, բնորոշ է հատկապես վերջին տարիներին։ Եւ եթե մի ժամանակ դա պարզապես օտարման կիրք էր, հիմա վերածվել է բացահայտ պառակտման քարոզչության։

Մեր աչքի առջեւ մշակույթի մի շարք գործիչներ ու մտավորականներ, կուսակցական կամ անձնական մղումներով, իրենց բուն գործով զբաղվելու փոխարեն, լցնում են օրերը «քաղաքական» սուր աղմուկով ու հայհոյախոսությամբ։ Ովքե՞ր են, ի՞նչ են ուզում նրանք, այս նորօրյա փանջունիները։

Քննադատել պետք է շատ խիստ, բայց ինչպե՞ս։ Անշուշտ, մեր երիտասարդ անկախ պետականությունը թույլ է տվել եւ չէր կարող թույլ չտալ նաեւ սխալներ։ Ընդդիմությունը մեզ անհրաժեշտ է օդի պես, բայց ոչ անմակարդակ, շուկայական ընդդիմությունը, որ միայն մթնոլորտ է պղտորում, ստիպելով յուրաքանչյուր ազնիվ մարդու, անկախ հայացքներից եւ կուսակցականությունից, մտածել այդօրինակ ընդդիմության դեմ ընդդիմություն կազմելու մասին։

Այդ մարդիկ իրենց ամբողջ եռանդն ուղղել են ատելության քարոզչությանը եւ չեն նկատում, թե ինչպես են իրենց մամուլը վերածում դեղին մամուլի, ինչպես են թունավորում այն օդը, որ իրենք են շնչում։

Ժողովուրդն ինչպե՞ս պետք է դուրս գա այս ատելության բեռան տակից։

Ի՞նչ անուն տաս, օրինակ, այն երեւույթին, երբ կուսակցական թերթը («Երկիր») վերածվում է հարցաթերթիկի, դատական անփառունակ ատյանի՝ իր դատախազով, դատավորով, սուտ վկաներով, ատենակալներով... Զավե՞շտ է։ Այո։ Բայց տխուր։ Եւ այս եղանակով ցանկանում են սեւացնել, հաշվեհարդար տեսնել հանրապետության նախագահի հետ, որն ընտրվել է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից։

Այո, նաեւ այս կարգի մարդիկ կան մեր մեջ, որոնք առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով։

Հասկանալի է, որ դրանց մի մասը, այսպես կոչված, մտավորականներ են, որոնք կորցրել են ոտքի տակի հողը, բայց նրանց մեջ կան նաեւ մոլորված մարդիկ, որ ենթարկվում են ատելության հիստերիային, փախուստային տրամադրություններին, բայց ինքդ քեզնից հեռու չես փախչի։ Մենք դեռ գործ ունենք անելու, եւ մեր մշակույթն այսօր, ավելի քան երբեւէ, կարիք ունի արդար ձեռքերի։

Մի՛ սեւացրեք ամեն ինչ, պարոնայք։ Մի՛ աղտոտեք ձեր շուրջը։

Մեզ դեռ սպասվում են խաղաղ լուսաբացներ, եւ արեւ է շողալու մեր կյանքի ու քաղաքական պայքարի հորիզոններում։ Ազատությունը, իրոք, մեծագույն բարիք է, բայց նրան հասնելու համար, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, պետք է կտրել արյան ու տքնանքի մեծ ճանապարհ։ Մեր ժողովուրդն այսօր այդ խորհրդավոր ուղիների վրա է, անձնազոհաբար կերտում է Հայաստանի գալիքը։ Բնականաբար, մենք պետք է հեռու վանենք բոլոր տեսակի փոքրոգիներին, քաղքենիներին եւ փառատենչ եսամոլներին, համախմբվենք ազգային պետականության գաղափարի շուրջը եւ ուժերի ամբողջ լարումով արժանի լինենք հայոց գալիքին։

Աղասի ԱՅՎԱԶՅԱՆ արձակագիր

Սեն ԱՐԵՒՇԱՏՅԱՆ ՀՀ ԳԱ թղթակից անդամ, Մատենադարանի տնօրեն

Գոհար ԳԱՍՊԱՐՅԱՆ ժողովրդական արտիստուհի

Վիգեն ԹԱԴԵՒՈՍՅԱՆ նկարիչ

Հրանտ ԹԱՄՐԱԶՅԱՆ ՀՀ ԳԱ թղթակից անդամ, Երեւանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ

Տիգրան ԼԵՒՈՆՅԱՆ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Գրիգոր ԽԱՆՋՅԱՆ ՀՀ ԳԱ ակադեմիկոս, ժողովրդական նկարիչ

Շահեն ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

Պողոս ԽԱՉԱՏՐՅԱՆ Երեւանի պետական համալսարանի գրականության ամբիոնի պրոֆեսոր

Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, բանասիրության դոկտոր

Հրանտ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ արձակագիր

Մարո ՄԱՐԳԱՐՅԱՆ բանաստեղծուհի

Հակոբ ՄՈՎՍԵՍ բանաստեղծ, ՀՀ մշակույթի նախարար

Հովհաննես ՉԵՔԻՋՅԱՆ ՀՀ պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ

Համո ՍԱՀՅԱՆ բանաստաղծ

Գագիկ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ ԳԱ ակադեմիկոս, Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն

Ավետ ՏԵՐՏԵՐՅԱՆ կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ