01.12.2019 09:29

Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Ռոման Վլասովին

Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Ռոման Վլասովին

Մոսկվայում ավարտված Grand Prix Arlosa 2019 մրցաշարում 77 կգ քաշայինների պայքարում հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտություն կրեց կրկնակի օլիմպիական, աշխարհի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ Ռոման Վլասովից: Գոտեմարտն ավարտվեց 2:3 հաշվով:

Մրցեցին ազատ եւ հունեահռոմեական ոճերի ըմբշամարտի Ռուսաստանի եւ աշխարհի հավաքականները: Տարբեր քաշային կարգերում հանդես էին գալիս Ռուսաստանի ուժեղագույն ըմբիշները: Արսեն Ջուլֆալակյանը ներկայացնում էր աշխարհի հավաքականը: Ջուլֆալակյանի մարտավկան օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն էր:

Գոտեմարտը մեկնարկեց մրցակիցների հավասար ակտիվությամբ: Զգուշացումից հետո գորգի մրցավարը պասիվության համար մեկ միավոր տվեց Վլասովին, ապա Ջուլֆալակյանին պարտեր իջեցրեց: Վլասովն անմիջապես հարմար բռնվածք արեց եւ երկու միավորանոց գլորում կատարեց: Մինչ մրցակիցը երկրորդ գլորմանն էր գնում, գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը եւ, ցույց տալով Արսեն Ջուլֆալակյանի ոտքով պաշտպանվելը, նորից պարտեր դրություն նշանակեց: Լեւոն Ջուլֆալակյանը բողոքարկեց երկրորդ պարտեր դրության նշանակումը: Գորգի մրցավարի որոշումը զայրացրել էր Լեւոն Ջուլֆալակյանին, եւ նա տեղից մի քանի անգամ հորդորեց թեկուզ 10 անգամ դիտել կրկնությունը եւ գոտեմարտը շարունակել կանգնած դրությունից: Ավագ Ջուլֆալակյանի բողոքարկումը բավարարվեց եւ գոտեմարտը շարունակվեց կանգնած դրությունից: Մինչեւ առաջին մրցափուլի ավարտը Արսեն Ջուլֆալակյանին չհաջողվեց միավոր կորզել Վլասովից եւ մրցակիցները գնացին ընդմիջման 3:0 հաշվով:

Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը ակտիվություն գրեթե չէր ցուցաբերում: Գոտեմարտի ավարտից 20 վայրկյան առաջ հայ ըմբիշը հրում հնարքով գցեց Վլասովին եւ 2 միավոր վաստակեց, բայց չկարողացավ գլորել եւ առաջ անցնել հաշվի մեջ: Գոտեմարտն ավարտվեց 3:2 հաշվով՝ Վլասովի առավելությամբ: