03.12.2019 14:19

Ներթիմային կարգապահություն. Չե՞նք լսել

Ներթիմային կարգապահություն. Չե՞նք լսել

Ներկայիս իշխանության հատկապես պատգամավորական հատվածը երբեմն այնպիսի՜ հայտարարություններ է անում, որ զարմանալի է, որ դեռ զարմանում են, թե ինչպես ստացվեց, կամ ինչու նախկինները հրաշալի առիթներ են ստանում ամոթից լռելու փոխարեն խոսելու ու քննադատելու իրենց:

Խնդիրն առավել ակնառու է մինչ այդ քաղաքականության հետ կապ չունեցող անձանց դեպքում, որոնց հայտարարությունների կամ հարցազրույցների պատճառով ամբողջ իշխանությանն են տեղեկատվական հարվածի տակ դնում եւ, ըստ էության, կամա թե ակամա՝ լայնորեն բացում «պարսպի դռները», այսպես կոչված՝ հակահեղափոխականների առաջ:

Մեկը, օրինակ՝ հայտարարում է, թե՝ մերժել ենք նախկինում եղած «բարքերը» (եւ պարզվում է, որ իր պատկերացմամբ՝ դա նաեւ ենթադրում է քաղաքականության բոլոր կանոնները մերժել), ու որ իշխող խմբակցությունը չի կարող քաղաքական հենարան լինել կառավարության անդամների համար, կարծես այդ կառավարությունն իրենք չեն հենց ընտրել, իրենցը չէ, ուրիշ պատգամավորներ են առաջադրել ու ընտրել: Մյուսը նույն կերպ «գանահարում է» իրենց ընտրած կառավարության անդամին, բայց միաժամանակ հայտարարում է, թե պատրաստ է առանց կարդալու՝ միայն անձի հանդեպ պայմանավորված վստահությամբ, կողմ քվեարկել կառավարության բերած ծրագրին: Երրորդը մտածում-մտածում՝ բանակից փողով ազատվելու օրինագիծ է բերում՝ այն դեպքում, երբ կառավարությունը բանակն ուժեղացնելու գործին է լծված լինում:

Շարքը կարելի է երկար շարունակել, եւ դրանց ընդհանրությունն այն է, որ երբեմն կամ գուցե հաճախ տպավորություն է ստեղծվում, որ խորհրդարանը հիմնականում կապ չունի կառավարության հետ՝ առանձին անհատներ են, որոնք սեպարատ գործունեություն են ծավալում:

Այո, խորհրդարանում կան մասնագիտական գիտելիքներ ունեցող կամ քաղաքականության հետ առնչություն ունեցող կամ քաղաքականությունը պատկերացնող շատ պատգամավորներ, բայց եւ կան քաղաքականությունից հեռու պատգամավորներ: Բայց խնդիրն այն է, որ երբեմն վերջիններս լրահոսում ավելի շատ են հայտնվում, քան առաջինները:

Ինչ խոսք, մեզ՝ լրագրողներիս համար կարող է ավելի նախընտրելի լինել ընթերցվող նյութ ստանալու նկատառումով խոսափող տրամադրել նրանց, ովքեր կարող են ոչ թե բովանդակային խոսել, այլ «սենսացիաներ» ստեղծել իրենց հայտարարություններով: Եւ, մեծ հաշվով, լրագրողների հոգը չպետք է լինի այն, թե ում խոսք տան, որպեսզի այդ խմբակցությունը կամ քաղաքական ուժը շահեկան դիրքում հայտնվի: Բայց դա պիտի լինի հենց խմբակցության կամ քաղաքական ուժի հոգը՝ առաջին հերթին:

Նրանք եւ միայն նրանք պիտի մտածեն այդ մասին եւ ներկուսակցական կամ ներխմբակցային կարգապահություն սահմանեն, որովհետեւ, դուր գա դա մեզ, ուրիշներին, որեւէ մեկին, թե ոչ՝ առանց դրա ստացվում է ոչ թե թիմային աշխատանք, երբ ամեն մեկն աշխատանքի իր բաժինն է անում, եւ ստանում են ընդհանրական թիմային արդյունք, այլ՝ անվերահսկելի, թափթփված, քաղաքական խառնաշփոթ, երբ կա թիմ, բայց ամեն մեկը միայն իր գլխի տերն է: Խոսքն ամենեւին դիկտատուրայի մասին չէ: Խոսքը պարզ կարգապահության մասին է, երբ բոլորը կիմանան՝

ա. Թիմի անդամները չեն կարող ամեն մեկը յուրովի մեկնաբանել այս կամ այն խնդիրը, թիմը պետք է ունենա կոնսենսուսային մոտեցումներ եւ տեսակետներ բոլոր հարցերի վերաբերյալ, եւ բովանդակային նրբությունները չհաշված՝ ընդհանուր մոտեցումներից շեղվող կամ մոտեցումներին հակասող հայտարարություններ կամ գործողություններ չանեն:

բ. Թիմում ամեն մեկը պիտի իմանա (կամ եթե չի հասկանում՝ իրեն պետք է բացատրեն) իր տեղն ու անելիքը: Յուրաքանչյուրը պետք է խոսի այն ոլորտից, որի գիտակն է ինքը: Հնարավոր չէ, որ ամեն պատգամավոր հավասարապես գիտելիքներ ունենա թե՛ տնտեսությունից, թե՛ իրավաբանությունից, թե՛ մշակույթից, թե՛ կրթությունից, թե՛ արտաքին քաղաքականությունից եւ հավասարապես փորձագիտական տեսակետներ հայտնի բոլոր հարցերի մասին: Հատկապես՝ նախկինների՝ դեմագոգիայի «փորձ» ունեցող ներկայացուցիչների հետ բանավեճերի ժամանակ: Բավարար փորձ եւ գիտելիքներ չունեցողները թիմին հարվածի տակ չդնելու համար կարող են ուղղակի առժամանակ խուսափել հարցազրույցներից եւ քննարկումներից՝ փոխարենը այդ ժամանակն օգտագործել գիտելիքներ եւ փորձ ձեռք բերելու համար:

գ. Եւ վերջապես, թիմային աշխատանքի ամենակարեւոր բաղադրիչը նաեւ թիմային կոնսենսուսով ընդունված որոշումները կատարող եւ տեղեկատվական հակաքարոզչության թիրախում հայտնված, իրապե՛ս աշխատող թիմակիցներին, շառից ու փորձանքից հեռու մնալու ցանկությամբ մենակ չթողելն է այդ հակաքարոզչության դեմ:

Քաղաքականությունը թիմային աշխատանք է, եթե կուզեք՝ «թիմային պայքար», այն էլ՝  խորհրդարանական կառավարման անցած երկրում, ուստի չի կարող մեկ հոգին, քաղաքական ուժի լիդերը իր ղեկավարած ուժի կամ քաղաքական խմբակցության բոլոր անդամների փոխարեն աշխատել, խոսել, վերահսկել, կարգավորել խնդիրները, լինել ամեն տեղ եւ իր հեղինակությամբ ծածկել բոլոր խնդրահարույց անցքերը:

Լիդերը կարող է հաջողել, երբ աշխատում է թիմի հետ, որն աշխատունակ է ու համակարգված:

Այո, իշխանությունները ձեւավորվել են արդար ընտրությունների արդյունքում, այո, իշխանության են եկել հեղափոխական ժողովրդական սիրո ալիքի վրա, բայց այդ ալիքը պետք է պահել, փայփայել, պետք է աշխատանքով դառնալ այդ ալիքի մշտարթուն պահապանները եւ չանել այնպիսի բաներ, որոնք հնարավորություն կտան նախկիններին անդադար քարոզչությամբ ջարդել այդ ալիքը:

Քրիստինե Խանումյան