04.12.2019 13:06

Զեկույց. Նախագահն իր անձնական շահերը վեր է դասել ԱՄՆ ազգային շահերից

Զեկույց. Նախագահն իր անձնական շահերը վեր է դասել ԱՄՆ ազգային շահերից

Նախագահ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները և կատարել է այլ օրինախախտումներ, ասվում է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի զեկույցում, որը կարող է դառնալ նախագահի իմպիչմենտի հիմք:

Զեկույցի հեղինակների՝ հանձնաժողովում դեմոկրատական մեծամասնության խոսքով՝ նախագահն իր անձնական շահերը վեր է դասել ԱՄՆ ազգային շահերից: Նրանց կարծիքով՝ հենց դրա համար է նա ջանացել, որ Ուկրաինան հետաքննություն սկսի 2020 թ. նախագահական ընտրություններում իր գլխավոր հավանական մրցակցի նկատմամբ:

Զեկույցում նաև ներկայացվում է Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի և նախագահի մտերիմ այլ անձանց հեռախոսազանգերի ցանկը, որտեղ նկատելի է, որ բոլոր այդ մարդիկ բազմիցս զանգահարել են ինչ-որ առեղծվածային հեռախոսահամարի՝ 1: Թե ում է պատկանում այդ հեռախոսահամարը՝ առայժմ հայտնի չէ, հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆն ասում է, որ ստուգվում է այն վարկածը, թե այդպես նշվել է Թրամփի անձնական հեռախոսահամարը:

Նախագահը հերքում է բոլոր մեղադրանքները և իր գործողությունների հետաքննությունն անվանում է «վհուկների որս», իսկ հանձնաժողովի զեկույցը, մինչ դրա հրապարակումը, Թրամփն արդեն բնորոշել էր չափազանց ոչ հայրենասիրական:

Այժմ զեկույցն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողով, որը կգնահատի իմպիչմենտի իրավաբանական հիմնավորվածությունը և համապատասխան առաջարկը կներկայացնի Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմին: Քչերն են կասկածում, որ նա կառաջարկի «կողմ» քվեարկել իմպիչմենտին: Եթե կոնգրեսականների պարզ մեծամասնությունը հետևի այդ առաջարկին (դեմոկրատների ձայները դրա համար բավարար են), ապա դրանից հետո Սենատում կսկսվի նախագահի դատավարությունը:

Փոխանցում է BBC-ն: