04.12.2019 14:01

Արսեն Գրիգորյան. Բայղուշները

Արսեն Գրիգորյան. Բայղուշները

Բայղուշությունը դառնում է «ընդդիմության» հիմնական ասելիքը։ Բայղուշը նույն գուշակն է, բայց գուշակից տարբերվում է նրանով, որ աղավաղում է տեղի ունեցած փաստերը կամ առկա փաստերը հարմարեցնում իր ցանկությանը։

Գուշակներին նախորդել են քրմերը։ Քրմերը մարդիկ էին, որոնք հորինում էին աստվածներ եւ գոյություն ունեցող փաստերը հագցնում նրանց «ցանկություններին»՝ աստվածներն ուզում են, որ անձրեւ գա, եւ գալիս է, ուզում են, որ ցեղի առաջնորդ դառնա Եռաչք կույրը, եւ նա դառնում էր առաջնորդ։ Եվ անձրեւն էր իրական, եւ Եռաչք Կույրը։ Բայց աստվածներ գոյություն չունեին։ Բայղուշին փաստեր պետք չեն, այլ սոսկ ցանկություններ։ Բայղուշն ասում է՝ այս իշխանությանը մնացել են հաշված ամիսներ։ Բայղուշն ուզում է, որ այդպես լինի, նա ստեղծում է իր «մարգարերության» միջավայրը։ Բայղուշը էմոցիոնալ է մոտենում իր «երազանքին»՝ ուրիշի կործանմանը։

Բայղուշն, ի տարբերություն գուշակի, «կանխատեսում» է միայն վատ բաներ։ Բայղուշն ասում է, որ ժողովուրդն այլեւս չի հավատում իր իշխանությանը։ Բայղուշը չի կարող ցույց տալ այդ ժողովրդին։ Նա չի կարող նույնիսկ ասել, թե ո՞ր թույլ ազդակն է իրեն ներշնչել այդ «կանխատեսումը»։ Բայղուշն ուղղակի ուզում է, որ ժողովուրդը չհավատա։ Բայղուշը աշխարհիկ «մարգարե» է, նա Աստված չունի։ Նույնիսկ եթե Հայաստանը ներկայացրել է Վատիկանում, Սուրբ Աթոռում։

Բայղուշը մարդ է, որին «կանխատեսումը» պետք է իշխանություն ունենալու համար։ Նրա քաղաքական կուռքը քուրմն է, նա քրմի աթոռն է ուզում գրավել, նրա բոլոր «կանխատեսումները» քրմին գահընկեց անելու համար են։ Մեր բայղուշներն այս իմաստով ուղղախոս են։ Նրանք ուզում են, որ նոր Հայաստանն իր առաջնորդի հետ ձախողվի։ Ուզում են։ Սակայն դա չեն կարող ասել ժողովրդի աչքերի մեջ նայելով։ Նրանց մեծ կտորն ականջը կմնա, եթե ժողովրդի ներկայությամբ դա «կանխատեսեն»։ Եվ ահա այս մարդիկ հույս ունեն Հայաստանն ստանալ առանց մատը մատին խփելու, ավելին՝ այն կործանման եզրին հասցնելուց հետո, դրանում նույնիսկ իրենց մասնակցությունը բացահայտելուց հետո։ Այդ իմաստով նրանք նույնիսկ ուսումնասիրման թեմա են։

Բայղուշներին գուշակներից տարբերում է այն, որ առաջինները չեն խորշում ծիծաղելի երեւալուց, հենց նրանց գոյությունից են հետագայում ծնվել կրոնական տարբեր հոսանքները այն իմաստով, որ նրանց ամբողջ հույսը եղել է ժողովրդի չոր հավատքը։ Ապացույցի ոչ մի բացակայություն նրանց ասպարեզից չի հեռացրել, որովհետեւ նրանք երբեք կոնկրետ չեն եղել իրենց «կանխատեսումներում»։ Ազատ ինտերպրետացիայի այս շռայլությունը չունեին ո՛չ քրմերը, ո՛չ գուշակները, ո՛չ էլ, առավելեւս, մարգարեները։ Նոր Հայաստանում նրանց գործը մթնոլորտ պղտորելն է։ Բոլոր մնացածից նրանց տարբերում է անպատասխանատվության սուր զգացումը։ Քանի որ մյուսներն ունեն դրա հակառակ զգացումը՝ զուտ ինքնապահպանման բնազդով թելադրված, նրանք այդքան հեռու չեն գնում չարախոսության մեջ, խուճապ սփռելը նրանց գործը չէ, որովհետեւ խուճապը ժողովրդին նետում է բայղուշների գիրկը։ Ահա թե որտեղ են բայղուշները դարանակալում ժողովրդին՝ խուճապի մեջ։ Սա նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ որպես բայղուշների պաշտոնական հովանավոր։ Հենց նա էլ մուրում է այդ խուճապը։ Խուճապը քաոս է, իսկ քաոսից կարելի է ստանալ ամեն ինչ։