04.12.2019 15:07

Նեպալում արյունալի ծեսի ընթացքում հազարավոր կենդանիներ են մորթվում

Նեպալում արյունալի ծեսի ընթացքում հազարավոր կենդանիներ են մորթվում

Կենդանիների պաշտպանները, որոնք հարյուր հազարավոր ցլերի, գոմեշների և այլ ընտանի կենդանիների փրկության միջազգային կամպանիա են սկսել, չեն կարողացել կասեցնել զանգվածային զոհաբերությունը Նեպալում, Գադհիմաի աստվածուհուն նվիրված տոնակատարությանը:

Աստվածուհու տաճարում կրոնական տոնակատարությունը Հնդկաստանի սահմանից ոչ հեռու՝ Նեպալի Բարիյապուրա գյուղում անցկացվում է հինգ տարին մեկ և հայտնի է որպես աշխարհում ամենաարյունալի կրոնական հավաքը: 2009 թ. ուխտավորներն այդ տոնին գլխատել էին առնվազն 500 հազար գոմեշ՝ չհաշված այլ կենդանիների՝ այծեր, առնետներ, աղավնիներ:

Մի քանի տարի առաջ կենդանիների պաշտպանները և մի քանի բարեգործական կազմակերպություններ հայտարարեցին, որ իրենց հաջողվել է աստվածուհու տաճարի ծառայողներից հավաստիացումներ ստանալ, որ տաճարի տարածքում կենդանիների սպանությունը կարգելվի: Սակայն տաճարի այն ժամանակվա առաջնորդն անմիջապես հերքել էր այդ տեղեկությունը: «Մենք կարող ենք ուղղափառ հնդիկներին միայն  խնդրել կենդանի զոհեր չմատուցել աստվածուհուն, բայց մենք նրանց ստիպել չենք կարող: Այս ավանդույթն ամբողջությամբ դադարեցնել կամ արգելել անհնար է»,- ասել է նա:

Նեպալի գերագույն դատարանը նույնպես կոչ է արել դադարեցնել այդ արյունալի ծիսակատարությունը, իսկ հարևան Հնդկաստանի իշխանությունները, որտեղից «տոնակատարությանը» մասնակցելու են շտապում ավելի քան մեկ միլիոն ուխտագնացներ, պահակակետեր են դրել ճանապարհներին և առևտրականներից վերցնում են նրանց անասունները:

Այնուհանդերձ, այս անգամ էլ վաղ առավոտից ծեսն սկսվել է սովորականի պես, և կրկին սպանված կենդանիների թիվն անցել է հարյուր հազարից:

Փոխանցում է BBC-ն: