04.12.2019 16:48

Կլիմայի վերաբերյալ համաժողովը Մադրիդում. այս տասնամյակը ամենաշոգն է լինելու

Կլիմայի վերաբերյալ համաժողովը Մադրիդում. այս տասնամյակը ամենաշոգն է լինելու

Գիտնականները գրեթե չեն կասկածում, որ աշխարհում միջին ջերմաստիճանը 2010-2019 թթ. ժամանակամիջոցում ամենաբարձրն է լինելու դիտարկման ողջ ընթացքում:

Մադրիդի կլիմայական գագաթնաժողովում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 2019 թվականը մեր մոլորակում ջերմաստիճանի չափման պահից ի վեր երկու կամ երեք ամենաշոգ տարիներից մեկն է:

Եթե ներկայիս միտումները պահպանվեն, 2015-2019 թթ. կդառնա ամենատաք հնգամյակը՝ դիտարկումների ողջ ժամանակի համար:

2019 թվականին գլոբալ տաքացման վերաբերյալ կազմակերպության զեկույցում նշվում է, որ մինչև այդ տարվա հոկտեմբեր ամիսը միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,1 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի: Աշխարհի շատ մասերում գրանցվել է անսովոր շոգ եղանակ: Սովորականից ավելի շոգ է եղել Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում և Օվկիանիայում, իսկ Հյուսիսային Ամերիկայի շատ հատվածներում սովորականից ցուրտ է եղել:

Հունիսին և հուլիսին Եվրոպան անսովոր շոգ եղանակի երկու շրջան է անցել: Հունիսի 28-ին Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն, ինչն այդ երկրի համար ռեկորդային է:

Ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Մեծ Բրիտանիայում:

Փոխանցում է BBC-ն: