04.12.2019 20:49

Լիզա Ճաղարյան. Ձե՛ր վախը չափեք

Լիզա Ճաղարյան. Ձե՛ր վախը չափեք

«Շուտով ձեր տներն էլ են մտնելու», - աղաղակում են նախկինների, այսպես կոչված, աջակիցները։

Որովհետեւ, պատկերացնու՞մ եք, այնքա՜ն «անսպասելի» բան է կատարվել՝ Սերժիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել։

Չեմ էլ անդրադառնա, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Հայաստանում կոռուպցիայի մակարդակը «հեքիաթային» բարձունքների հասցրած ՀՀԿ ղեկավարին։ Այլմոլորակայիններ չենք, լեթարգյան քնի ծոցում չէինք, Հայաստանի մշտարթուն քաղաքացիներ ենք, եւ որքան էլ կողքից աղմկեն մի խումբ հացկատակներ, հիշողության կորստով չենք տառապում, հրաշալի հիշում ենք, թե մոլագարության հասնող ինչ ալան-թալան էր թագավորում մեր երկրում, եւ թե այդ անսահմանության ձգտող հանցագործությունների համեմատ՝ ինչ համեստագույն մեղադրանք է բաժին հասել պետական մակարդակով կազմակերպված թալանի «քավորին»։

Մեր տները չեն մտնելու, «անմեղներին» ի պաշտպանություն աղաղակողների  տները՝ շատ հնարավոր է։ Շատ-շատ հնարավոր է, որովհետեւ ո՛չ մի բանական մարդ չի փորձի հանցագործին «անմեղ հրեշտակ» ներկայացնել, եթե այդ եղկելի «ծառայության» դիմաց փոխհատուցման ակնկալիք չունենա կամ հե՛նց ինքն այդ հանցագործությունների մի օղակը չլինի։

Հայաստանի անմեղ քաղաքացիների տներ էին ներխուժում այսօր արդեն՝ երկու գլխավոր ամբաստանյալների ռեժիմի տարիներին։ Այդ տարիներին էին վերհառնում շեյխական դղյակները հնարավոր կամ անհնար վայրերում՝ հնարավոր կամ անհնար շքեղությամբ ու չտեսությամբ։ Այդ տարիներին էին անտառներ սղոցվում՝ նույն տարածքներում պալատներ կառուցելու համար։ Պալատներ, որոնց տերերը զվարճանում էին արտերկրներում, եւ ծառերի «շիրիմների» վրա կառուցված շինությունների դռները տարեկան գեթ մեկ անգամ չէին բացվում, որովհետեւ դրանք բնակության համար չէին նախատեսված, այլ հղփացածների միջեւ մրցույթի ծանր հետեւանքներ էին. «Ինչի՞, ես իրենից պակաս տղա՞ եմ, որ ինքը սարքի, ես չսարքեմ»։

Եվ այդ տարիներին էին Հայաստանի ազնիվ քաղաքացիները սարսափով ամեն օր ու ամեն ժամ տեսնում, թե ինչպես են տուժողին ամբաստանյալ դարձնում, իրական ամբաստանյալին՝ տուժող, եւ թե ինչպես են մարդասպաններն ու թալանչիներն ազատ շրջում երկրում ու պաշտոններ եւ շքանշաններ ստանում։

Եվ հենց այդ տարիներին էին, որ Հայաստանի ոչ մի օրինապահ քաղաքացի ապահովագրված չէր եւ շատ հավանական էր համարում, որ մի օր էլ իր տուն կներխուժեն, քարշ կտան ոստիկանատուն, ճանապարհին կամ տեղում «հավեսի համար» կխոշտանգեն եւ «տրոյկայի» մեթոդով կդատեն մտքներով անցած ցանկացած քրեական գործ «կարելով»՝ այսօրվա հացկատակների նման որեւէ մի արարածի կեղծ ցուցմունքի հիման վրա։

Հայաստանի քաղաքացիները ձեր փարիսեցիական հոգատարության կարիքը չեն զգում։

Ձեր վա՛խը չափեք, հատորներով վախենալու պատճառներ ունեք։