05.12.2019 12:53

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԱԳՆ-ն փոխանցում է, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների այսօր կայանալիք հանդիպման շուրջ:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում առանձնահատուկ ընդգծեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում նախորդ հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու միջոցով: 

Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածության առումով դրական գնահատվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգմամբ լրագրողական փոխանակման ծրագրի իրականացումը, որին մասնակցեցին լրագրողներ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նույն օրը տեղի է ունեցել նաեւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ: 

Այդ հանդիպման մասին ԱԳՆ-ն հայտնում է, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում նախարարների հանդիպումը անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։ 

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվեց այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծվեցին վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը:

Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ: