05.12.2019 14:15

Համընդհանուր գործադուլ Ֆրանսիայում

Համընդհանուր գործադուլ Ֆրանսիայում

Հինգշաբթի Ֆրանսիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել:

Քաղաքացիները բողոքում են իշխանությունների առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների նախագծի դեմ:

Փարիզում հասարակական տրանսպորտը չի աշխատում: Գրեթե ամբողջությամբ կաթվածահարվել է ինչպես մերձքաղաքային, այնպես էլ ճեպընթաց գնացքներով երկաթուղային հաղորդակցությունը: Չեղարկվել են ավիաթռիչքները, փակ են մանկական հիմնարկները և տարրական դպրոցները, քոլեջներում և լիցեյներում պարապմունքները դադարեցվել են:

Համընդհանուր գործադուլին միանալու կոչով հանդես են եկել երկու խոշոր արհմիություններ, որոնք միավորում են ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցներին: Պետական ծառայողներին միացել են նաև փաստաբանները և բուժաշխատողները: Նրանց բոլորի կարծիքով՝ կենսաթոշակային ռեֆորմը «թալանչիություն» է, որը նրանց մեծ մասին զրկում է կենսաթոշակային եկամուտներից և այլ բոնուսներից:

Ուղիղ 24 տարի առաջ նախագահ Ժակ Շիրակի օրոք ևս կառավարությունը որոշել էր կենսաթոշակային բարեփոխումներ անցկացնել: Մի քանի շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո, սակայն, իշխանությունները հրաժարվել էին իրենց ծրագրերից:

Փոխանցում է euronews-ը: