05.12.2019 15:25

Բայդենը մտադիր չէ ցուցմունք տալու Թրամփի իմպիչմենտի գործընթացի շրջանակներում

Բայդենը մտադիր չէ ցուցմունք տալու Թրամփի իմպիչմենտի գործընթացի շրջանակներում

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր չէ ցուցմունք տալու ԱՄՆ նախագահ Դոնակդ Թրամփի իմպիչմենտի գործընթացի շրջանակներում:

Այդ մասին Բայդենը, որը հավակնում է նախագահի պաշտոնում առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից, հայտարարել է լրագրողներին Այովա նահանգում:

Նախկին փոխնախագահին հարց է տրվել, թե արդյո՞ք նա պատրաստ է ինքնակամ ցուցմունքներ տալու:

«Ոչ: Ես նրանց (Թրամփին և նրա կողմնակիցներին) թույլ չեմ տա ուշադրությունը շեղել իմպիչմենտի գործընթացից: …Նախագահը հանցանքներ է գործել, որոնք հանգեցնում են իմպիչմենտի: Ես նրան թույլ չեմ տա խուսափելու դրանից»,- հայտարարել է Բայդենը:

Ավելի վաղ Թրամփը և հանրապետական մի քանի օրենսդիրներ հայտարարել էին, թե անհրաժեշտ է, որ Բայդենը ցուցմունքներ տա: Նրանք նշել էին, թե նախկին փոխնախագահը պետք է պարզաբանի այն հարցերը, որոնք վերաբերում են իր որդու գործունեությանը ուկրաինական էներգետիկ Burisma ընկերությունում, որի ղեկավար կազմում է եղել Հանթեր Բայդենը:

Փոխանցում է tass.ru-ն: