06.12.2019 13:57

Արսեն Գրիգորյան. ՀՅԴ-ն էլ անելիք չունի՞

Արսեն Գրիգորյան.  ՀՅԴ-ն էլ անելիք չունի՞

Վերջին շնչում գտնվող ՀՅԴ-ն ուզում է վերակենդանացնել Ռոբերտ Քոչարյանին, ուզում է քաղբանտարկյալներ գտնել Հայաստանում։ Վատ է մտածված։ Մտածածը հարիր չէ վերջին շնչում գտնվողին։ ՀՅԴ-ն լրիվ կտրվել է իրականությունից։ Այդքան վատ հասկանալ քաղաքականությունից։ Այդքան վատ ընկալել պետությունը։ Այդքան վատ ճանաչել ժողովրդին։ Կուսակցությունն առնվազն հետ է մնացել այն փոփոխություններից, որոնք տեղի են ունենում հասարակության մեջ։ Հասարակությունը այլեւս չի ճանաչում իր հետ խոսելու այն ձեռագիրը, որով խոսում է ՀՅԴ-ն։

Ի՞նչ պարտիզանական հարված, ի՞նչ Ռոբերտ Քոչարյան։ Ինչո՞ ւ նույնը չի մտածում նույնիսկ ՀՀԿ-ն։ Որովհետեւ իշխանության ամբողջական պատասխանատվություն է ունեցել ու տեսել է, թե ինչպես է պետությունն իրենից կախված։ ՀՅԴ-ից երբեք կախված չի եղել: Նույնիսկ ՀՀԿ-ն հասկացավ, որ իրավիճակ է փոխվել, երբ տեսավ փողոցները հեղեղած մարդկանց բազմությունը։

Իսկ ՀՅԴ-ի համար իրավիճակ չի փոխվել, այլ ընդամենը՝ իշխանություն, որն իրենք չեն։ Այսինքն, կուսակցությունը նույնիսկ համբերություն չունի մտածելու, որ իրավիճակները հենց դրանով են իրավիճակ, որ փոփոխվում են՝ այսօր այն պահանջում է ժողովրդավարական իշխանություն, վաղը գուցե ազգայնական մեկի պահանջ զգա։

Պարզից էլ պարզ է, որ եթե կուսակցությունը քաղաքական է, այն չի մտածի պարտիզանական հարվածների մասին։ Այն ուղղակի քաղաքական քայլերի ու գործողությունների պլան կմշակի, իր նմաննների հետ քաղաքական կոալիցիաների կնստի, հանրահավաքներ կանի եւ կխոսի իրատեսական բաներից։ Եթե երազանք ունի, կձեւակերպի երազանքը, որը ժողովրդի իղձերին հարիր է։ Բայց չէ, ՀՅԴ-ն երեւի մտածում է «Դրոյի գործ-2»-ի մասին։ Ունի՞ այդքան առողջություն Հայաստանը երկրորդ այդպիսի գործ իր մեջ քարշ տալու համար։ Սա ո՞վ պիտի հասկացնի ՀՅԴ-ին։ Քաղաքական այդ ուժը ամենաերկարակյացն է, ինչպե՞ս է այդքան մանկամիտ իր գործողություններում։ Պատասխանը պարզ է, ինքն իրեն պետության ներսում գործող քաղաքական ուժ չի ընկալում, այլ իբրեւ համահայկական ուժ։ Իսկ այդպիսի ուժը պետության վրա խաղադրույք չի անի։

Հարց է ծագում՝ բայց ՀՅԴ-ն պետական կառավարման ղեկին է եղել, խոսել է պետության ղեկավարի վրա ցեխ շպրտելու անթույալտրելիության մասին, ի՞նչ պատահեց այդ քաղաքական ուժին։ Ճշմարտությունն այն է, որ ՀՅԴ-ն պետք է լրիվ փոխի իր գաղափարախոսությունը։ Հայաստանին պետք չէ համահայկական քաղաքական ուժ։ Հայաստանին անհրաժեշտ է զուտ հայաստանյան, թեկուզ ազգայնական, բայց հայաստանյան քաղաքական ուժ։ Ահա այս իմաստով պետք է հասկանալ նաեւ Նժդեհի գործունեությունը։ Իսկ ՀՅԴ-ն նույնիսկ Նժդեհ է մերժել։ Եվ քանի դեռ այդ քաղաքական ուժն իրեն համահայկական է համարում՝ այսինքն՝ ավելին է, քան պարզապես Հայաստանը, ինքը վտանգ է Հայաստանի Հանրապետության համար։ Ռոբերտ Քոչարյանն ավանտյուրիստ էր եւ հենց ավանտյուրիստի նման էլ կառավարեց։ Ահա ինչու էր ՀՅԴ-ն նրան հարազատ։ Բայց Ռոբերտ Քոչարյանը չկա։ Իսկ Դաշնակցությունը դեռ կա։ Եվ իր վերջին շնչի ջղաձգումների մեջ ավելի լավ է ուժ գտնի եւ մտածի հենց Հայաստանի մասին։ Սերժ Սարգսյանի օրոք ոնց որ թե այդպես էլ անում էր։ Ուրեմն ի՞նչն է խանգարում, որ Նիկոլ Փաշինյանի օրոք էլ նույնկերպ վարվի։

Ոչ ոք այսօր այնպես չի ոչնչացնում այդ քաղաքական ուժին, որքան հենց ինքն իրեն։ Ինչի՞ է նման «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հետ կապված այդ պատմությունը։ Համենայնդեպս, չի կարելի այսպիսի ՀՅԴ-ով «փողոց դուրս գալ»։ Կամ փոխվում է, կամ հեռացվում ասպարեզից։ Եվ լավ կլինի, որ այս երկընտրանքը ոչ թե նոր իշխանության վերջնագիրը լինի, այլ ՀՅԴ-ի ինքնափայլատակումը։ Որպեսզի նոր Հայաստանում անելիք ունենա։