08.12.2019 22:24

Ժողովրդավարությունը և մենք. Առավոտ

Ժողովրդավարությունը և մենք. Առավոտ

Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Հայաստանում առաջին իշխանությունը ՀՀՇ-ի իշխանությունն էր՝ գլխավորությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի: Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Հայաստանում առաջին ընդդիմությունը Ազգային Ինքնորոշում միավորումն էր՝ գլխավորությամբ Խորհրդային տարիների քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանի:

Փաստորեն, առաջին իշխանությունից ու առաջին ընդդիմությունից էր կախված՝ թե ինչպիսին կլինի նոր ծլարձակող ժողովրդավարության որակն ու մակարդակը Հայաստանի նորանկախ Հանրապետությունում: Որ առաջին ընտրություններում փաստորեն կոմունիստներին հաղթած ՀՀՇ-ն ու անձամբ Տեր-Պետրոսյանն իրենցից կախված ամեն ինչ անելու էին, որպեսզի իրենց հաղթանակն ու մյուսների պարտությունը դառնա ոչ միայն Հայաստանի անկախության, այլև Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշ, դա հասկանալի էր, բայց Հայրիկյանն ու մյուս ընդդիմադիրներն էին իրենցից կախված ամեն ինչ անելու, որպեսզի նորանկախ Հայաստանի առաջին ընդդիմության դափնին իրենց վզներից կախվի, դա նույնպես հասկանալի էր: Եվ այդպես էլ եղավ:

Չնայած Հայրիկյանին հիշեցինք ու նշեցինք, բայց ուրիշներ էլ կային:

Աշոտ Նավասարդյանը՝ իր Հանրապետական կուսակցությամբ, նույնպես խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը՝ իր Քրիստոնեա-Դեմոկրատական Միությամբ, Խորհրդային տարիների քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանն ու էլի ուրիշներ:

Բայց հիմնականն ու գլխավորը Հայրիկյանն էր, և անկախության առաջին տարիներին ինքն էր ընդդիմության գլխավոր ու հիմնական խորհրդանիշը: Այդուհանդերձ, հանուն արդարության պետք է խոստովանել, որ իբրև ընդդիմություն Հայրիկյանն ու նրա շրջապատն առանձնապես ուժեղ չէին, և իբրև ընդդիմություն առանձնապես վտանգ չէին ներկայացնում իշխանության՝ ՀՀՇ-ի ու անձամբ Տեր-Պետրոսյանի համար: Որպես պարտված նախկին իշխանություն, պիտի որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունում իշխանության հիմնական ընդդիմությունը՛ Կոմունիստական կուսակցությունը լիներ, բայց կոմունիստներն ընդհանրապես նորանկախ Հայաստանի քաղաքական կյանքում լիարժեք գոյություն չէին, և եթե Երրորդ Հանրապետության Խորհրդարանում մի քանի հոգանոց խմբակցություն ունեին, դա էլ ոչ թե քաղաքական պայքարի արդյունք էր, այլ՝ Հայաստանի պարտված կոմունիստների հանդեպ Հայաստանի Երրորդ Հանրապետության Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հանդուրժողականության արդյունք, ավելի ճիշտ՝ քինախնդրության բացակայության արդյունք: Կարճ ասած, կոմունիստներին ընդդիմություն չենք կարող անվանել, որովհետև իրենց բացարձակապես դուրս էին դրել քաղաքական պայքարից: Ինչ վերաբերում է Հայրիկյանին, Արշակյանին ու Խորհրդային տարիների մյուս քաղբանտարկյալներին, նրանց ընդդիմություն համարում ենք, չնայած նրանց Ազգային ժողովում հայտնվելն էլ քաղաքական պայքարի շնորհիվ չէր, թեպետ նրանք, ի տարբերություն կոմունիստների, ՀՀՇ-ի ու անձամբ Տեր-Պետրոսյանի դեմ պարբերաբար ընդդիմադիր ելույթներ էին ունենում: Այդուհանդերձ, իշխանության համար պայքարում նրանք էլ ՀՀՇ-ի ու անձամբ Տեր-Պետրոսյանի դեմ լուրջ ուժ չէին և ռեալ վտանգ չէին ներկայացնում: Մի խոսքով, ՀՀՇ-ի ու Տեր-Պետրոսյանի իշխանությանը ռեալ վտանգ ներկայացնող ընդդիմադիր ուժ անկախացած Հայաստանում գոյություն չուներ, և, փաստորեն, Հայաստանի Երրորդ Հանրապետությունում ժողովրդավարությունը կայացավ ոչ թե ընդդիմության պարտադրանքով ու ցանկությամբ, այլ՝ ընդհակառակը, իշխանության կամքով ու ցանկությամբ, և ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետություն մուտք գործեց այնքան, ինչքան որ իշխանությունն էր ցանկանում, և բարեբախտություն էր, որ Հայաստանում իշխանությունը կարևորում էր ժողովրդավարության կարևորությունը, և, փաստորեն, որ անկախացած Հայաստանի Խորհրդարանն ինչ-որ չափով բազմակուսակցական էր, դա ոչ թե քաղաքական պայքարի արդյունք էր, այլ, ինչքան էլ տարօրինակ է, իշխանության ցանկության, կամեցողության և հանդուրժողականության արդյունք:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Առավոտ