09.12.2019 15:22

Լիզա Ճաղարյան. Ճիշտ է, ընկեր Հովիկ, դաշնակներից պե՛տք է վախենալ

Լիզա Ճաղարյան. Ճիշտ է, ընկեր Հովիկ, դաշնակներից պե՛տք է վախենալ

Նախապես ասեմ, որ ուշադրություն չէի դարձնի այս մարդու մտքի թռիչքներին, եթե նա այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր չլիներ։

Ինչ է ասում իմքայլական (՞), նախկին (՞) դաշնակցական Հովիկ Աղազարյանը։

Ընկեր Հովիկն ըստ երեւույթին վստահ է, որ Հայաստանի քաղաքացիներս լսած, տեսած ու կարդացած չկանք եւ գաղափար չունենք, թե ինչ ասել է՝ պարտիզան կամ պարտիզանական հարվածներ, եւ անգետներիս լուսավորելու դժվարին գործն առել է իր «սառեցված» ուսերին։

Ինչու՞։ Մի քիչ վերեւում պատասխանը կա՝ նախկին (՞) դաշնակցական է։

Նախ՝ ընկեր Հովիկը վստահեցնում է, որ հարյուրքանիամյա կուսակցության դեպքում պարտիզանական հարվածը «բնականոն աշխատանք է»։

Իբր նորություն է ասում. ո՞վ չգիտի, որ դաշնակցության բնականոն աշխատանքը դարաններից «պարտիզանաբար» մահաբեր հարվածներ հասցնելն է։

Չէ, շտապեցի։ Ընկեր Հովիկը խոստովանական ցուցմունք չի տալիս դաշնակցության հակապետական վտանգավոր գործունեության մասին, այլ պարզաբանում է վաղուց պարզաբանվածը, մեզ լուսավորում է, թե «պարտիզանական հարվածներ» արտահայտության «ծիրին մեջ» ի՛նչ պետք է հասկանալ։

Պարզվում է՝ մեր հասկացածն ու ընկեր Հովիկի լուսաբանածն իրարից յոթ սարուձոր հեռու են միմյանցից։ Ինքն, իհարկե, չի հիմնավորում եւ, որքան էլ զոռ տա գլխին՝ չի կարող հիմնավորել, թե ինչու պետք է հանրությունը պարզից էլ պարզ ահաբեկչական սպառնալիքի խորխորատներում այլաբանական իմաստներ փնտրի։

Ընկեր Հովիկը փնտրել է ու գտել է։

Պարտիզանական հարվածների «իմաստն այն է, որ Դաշնակցությունը թե՛ կենտրոնում, թե՛ գյուղերում, թե՛ մարզերում այս կամ այն բացասական երեւույթը հայտնաբերելու դեպքում անմիջապես դրա մասին ահազանգեն, աղմուկ բարձրացնեն, որպեսզի տեսնեն, թե իշխանություններն ինչքան վատն են» (մեջբերում եմ առանց խմբագրման - Լ.Ճ)։

 «Է, հա,- վստահ, որ իր բացատրությունն անխոցելի հիմնավորեց, ու ընթերցողը հայիլ-մայիլ եղած համրացել է դաշնակցության պարտիզանական կեցվածքի հանդեպ հիացմունքից, ընկեր Հովիկը խանդավառված շարունակում է, - դա իրենց պայքարելու ձեւն է, ընդդիմությունն այդպես էլ պիտի անի, մենք էլ պիտի վախենանք դրանից ու թույլ չտանք սխալվել»։

Ընկեր Հովիկի բացատրությունը վստահաբար հարուցեց շատերի հոմերական ծիծաղը, բայցեւ չենք համարձակվի հակաճառել, որ դաշնակցությունից վախենալու ծանրակշիռ հիմքեր կան, որովհետեւ վաղուց ի վեր գիտենք, թե ինչպիսի վտանգավոր նենգությունների է ընդունակ այս կուսակցությունը՝ դրա անունը պարզ ու շիտակ «ահաբեկչություն» դնի, թե «պարտիզանություն»։

Մեր վախը՝ հեչ, բայց աչքիս ընկեր Հովիկն ավելի շատ է վախեցած, հակառակ դեպքում այս խղճահարության արժանի մեկնաբանություններից հետո առավել անհեթեթ միտք չէր «երկնի»։

Ընկեր Հովիկը շարունակում է. «Եթե հաշվի չառնենք մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու-երեք տարվա գործունեությունը, ավելի ճիշտ՝ դա դնենք մի կողմ, որովհետեւ դրա գնահատականը պետք է տան 2-3 տարի հետո (աչքիս՝ ՔՊ-ից էլ է վախենում – Լ.Ճ.), ապա նորօրյա Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ այնքան բան չի արել Հայաստանի ու Արցախի համար, ինչքան Դաշնակցությունն է արել»։

Համոզվե՞ց ընթերցողը, որ դաշնակցական լինելն անբուժելի հիվանդություն է։

Հասկացա՞վ ընթերցողը, որ այս կուսակցության զառամյալ ուղեղի ծալքերում «պետություն» ասվածի նշույլն անգամ չկա։ Մաուզերի վրա երդվելուն պես՝ ինչ-որ դիվային կախարդանքով  այս մարդկանց համար կուսակցությունը դառնում է պետությունից առաջնային, եւ սրանց համար պետությունն արժեք կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե այդ պետության ղեկին իրենք են։ Մնացած ժամանակ եթե իշխանություններն իրենց «փայ» են տալիս, ժամանակավոր լռում են, իսկ եթե չեն տալիս՝ «պարտիզանական հարվածներ» են հասցնում՝ միաժամանակ իրենց անհեթեթ ու լկտի պատմական կեղծիքներով արժեզրկելով պետության, այդ պետության բանակի, սահմանին կանգնած զինվորի եւ առհասարակ ողջ հասարակության դերը։

Եթե, իհարկե, կրկնեմ, թվարկվածը եւ չթվարկվածը չեն գործում «Մահ կամ ազատություն» արյունոտ դրոշի տակ ճկռած։

Որովհետեւ, հասկանալի բան է՝ «ով դաշնակ չի, հայ չի»։

...Եվ այս ընկեր Հովիկն «աննախադեպ նոր» Հայաստան կառուցողների ցուցակով հայտնվել է Ազգային ժողովում։

Եվ փաստորեն՝ ե՛ս ընտրել եմ նաեւ այս ընկեր Հովիկին։